Ես թե՛ որպես բժիշկ, թե՛ որպես հանձնաժողովի նախագահ կողմ եմ ծխախոտամոլության դեմ պայքարին, բայց այն՝ ինչ այս պահին օրենքի կարգավորումների մեջ է, կարծում եմ՝ հավասարակշռված մոտեցում չի ցուցաբերվում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով իր եւ խմբակցությունից եւս երեք պատգամավորի համահեղինակած օրինագծերի փաթեթին, որով առաջարկում են հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների իրականացումը:
«Պիտի հավասարակշռված մոտեցում ցուցաբերվի՝ հաշվի առնելով եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալական, եւ՛ առողջապահական կոմպոնենտները, ոչ թե միայն նեղ առողջապահականը»,- ընդգծեց Նարեկ Զեյնալյանը։
Առողջապահության նախարությունն արձագանքելով իշխող ուժի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, հայտարարել է, որ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթները, ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլեւ հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերը։
«Օրենքն ընդունվեց այն պայմաններով, որ այն վերանայման կարիք ունի, եւ որ հետագայում մենք անդրադառնալու ենք դրան։ Ըստ էության, մենք կատարում ենք մեր խոստումը,- հստակեցրեց Նարեկ Զեյնալյանը։
Առողջապահության գերատեսչության համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ-ի օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից:
«Անհասկանալի՞ է, Ազգային ժողովի լիագումար նիստին կքննարկենք, կբացատրենք, խնդիր չկա»,- ասաց Զեյնալյանը։
Նրա փոխանցմամբ՝ հարցը տարաձայնությունների դաշտում դիտարկել պետք չէ, նման մոտեցումը մասնագիտական է։
«Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է հաջորդ շաբաթ արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի այս փոփոխություններն ընդունվեն մինչեւ տարեվերջ։
Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքն այս Կառավարության ամենաքննարկված նախաձեռնություններից մեկն էր։ Դրա շուրջ իշխանության ներսում կարծիքներն իրար հակասող էին, ինչի մասին բազմիցս արտահայտվել էին «Իմ քայլի» որոշ անդամներ։ Շուրջ մեկուկես տարվա քննարկումներից եւ որոշ փոփոխություններ անելուց հետո, այնուամենայնիվ խորհրդարանը 2020թ. փետրվարի 13-ին ընդունեց օրենքի որոշ դրույթներ, որոնք ուժի մեջ էին մտնելու սկսած 2021թ․-ի հունվարի մեկից։





























