ԵՄ-ում զանգվածային պատվաստումների մեկնարկի կապակցությամբ Եվրոպոլը նախազգուշացնում է խարդախությունների մասին: Գոյություն ունի իրական վտանգ, որ հանցագործները կփորձեն օգտվել հսկայական պահանջարկով, հայտարարել է Եվրոպոլի ղեկավար Կատրին դե Բոլը, հաղորդում է DW-ը:

Դե Բոլի խոսքով՝ սոցցանցերում արդեն տարածվել են պատվաստանյութի վաճառքի մասին հայտարարություններ: Սակայն այդ հայտարարությունները տարածում են խաբեբաները: Այդպիսի հայտարարություններին արձագանքողները կամ ոչինչ չեն ստանա վճարումից հետո, կամ կստանան կեղծված դեղամիջոց, ինչը կարող է լուրջ հետեւանքներ թողնել առողջության վրա:

Իրավապահները նաեւ պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գողանալու դեպքերին, նշել է Եվրապոլի ղեկավարը:

«Առաջին լոքդաունի ժամանակ հանցախմբերը հարձակվել էին, օրինակ, պաշտպանիչ դիմակներ տեղափոխող  տրանսպորտի վրա: Այժմ այդ վտանգը սպառնում է պատվաստանյութին»,-ընդգծել է նա:

Եվրապոլը նույնականացրել է տեղանքները, որտեղ այդպիսի հանցագործությունների հավանականությունն ամենաբարձրն է: Բացի այդ, երկրի ոստիկանության բաժինները մտադիր են համագործակցել միմյանց հետ պատվաստանյութի գողությունը կանխարգելելու համար:

Դեկտեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը վերջնականապես հաստատել է կորոնավիրուսի դեմ գերմանական BioNTech եւ ամերիկյան Pfizer ընկերության BNT162b2 պատվաստանյութը: Դեկտեմբերի 26-ին դեղամիջոցը կմատակարարվի ԵՄ բոլոր երկրներին: