2020 թվականին մեր մոլորակում տեղի ունեցած խոշորագույն բնապահպանական աղետների ընդհանուր վնասը կազմել է 140.9 մլրդ դոլար: Այդ տվյալներն իր զեկույցում հրապարակել է Christian Aid միջազգային բարեգործական կազմակերպությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցի հեղինակների տվյալներով՝ ամենամեծ վնասը՝ 40 մլրդ դոլար, հասցրել են փոթորիկները, որոնք այս ամռանն ու աշնանը մոլեգնել են Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Լաուրա», «Սալլի», «Էտա» եւ «Յոտա» փոթորիկներին: Այնուհետեւ Չինաստանում ջրհեղեղն է եւ ԱՄՆ-ի արեւմտյան ափում անտառային հրդեհները (համապատասխանաբար 32 եւ 20 մլրդ դոլար վնասով): Այդ ցանկի առաջին տասնյակում են նաեւ Արեւելյան Աֆրիկայում մորեխների պատճառած վնասը, անտառային հրդեհներն Ավստրալիայում, ջրհեղեղները Հնդկաստանում, Ճապոնիայում եւ Պակիստանում, Եվրոպայում «Ալեքս» եւ «Սիարա» փոթորիկներն ու Բենգալյան ծոցում «Ամֆան» ցիկլոնը:
Զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում բնապահպանական աղետների հիմնական պատճառները կլիմայի համաշխարհային փոփոխությունները եւ միջազգային հանրության ոչ բավարար ջանքերն են Երկրի մթնոլորտում արտանետվող ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը նվազեցնելու ուղղությամբ:
Զեկույցում առաջարկվում է միջազգային հանրութանն անհապաղ ավելացնել ջանքերը մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարում, մեծացնել հարուստ երկրների կողմից աղքատ երկրներին տրամադրվող օգնության չափը եւ ակտիվորեն անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը:





























