ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը կարեւորում է ատոմային եւ ռադիացիոն անվտանգության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցության հետագա ամրապնդումը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ նիստում «Ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունն ընդգծում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման անվտանգության ապահովման կարեւորությունը: «Տվյալ համաձայնագրի վավերացումը նախատեսում է դրա մասնակից պետությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցության ապահովում մի երկրի տարածքից մյուս երկրի տարածք ռադիոակտիվ աղբյուրների տեղափոխման դեպքում, աջակցություն մասնակից պետություններում ռադիոակտիվ աղբյուրների փոխադրման կարգի խախտման հայտնաբերմանը եւ կանխարգելմանը, ռադիոակտիվ աղբյուրների դասակարգման ընթացակարգի եւ հաշվառման համակարգի ներդրում, որը կապահովի դրանց անվտանգ օգտագործումը եւ պահպանումը»,-պարզաբանեց Վարդանյանը:

Նրա կարծիքով՝ դա կամրապնդի Հայաստանի եւ ԱՊՀ մասնակից երկրների կոմպետենտ մարմինների միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ կնպաստի միջուկային էներգետիկայի ոլորտում անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Վերոնշյալ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունիսի 7-ին: