4-ամյա աղջիկը հայրիկի հետ լողափին զբոսնելիս 220 միլիոն տարվա դինոզավրի հետք է հայտնաբերել:

Փորձագետների կարծիքով՝ Ուելսի Բենդրիքս-Բեյ լողափին քարի վրա ոտնահետքը Միացյալ Թագավորության առավել լավ պահպանված նմուշներից» է:

Ռիչարդ Ուայլդերը լուսանկարել է հետքը այն բանից հետո, երբ նրա դուստր Լիլին նկատել է այն, հայտնում է Irish Times-ը: Հաստատումից հետո ոտնահետքը կտրվել է քարից եւ ուղարկվել Քարդիֆի Ազգային թանգարան, որտեղ այն կցուցադրվի:

«Դինոզավրերը առաջին անգամ հայտնվել են շուրջ 230 միլիոն տարի առաջ, ուստի այս հետքը նրանց զարգացման շատ կարեւոր փուլ է»,- ասվում է Ազգային թանգարանի հայտարարության մեջ: «Այս տպավորիչ գտածոն կարող է օգնել գիտնականներին ավելին իմանալ դրանց ոտքերի իրական կառուցվածքի մասին, քանի որ այն բավականին հստակ է, երեւում են առանձին բարձիկներն ու նույնիսկ ճանկերի հետքերը»: