Անցյալ տարի Գերմանիայում գարեջրի վաճառքը նվազել է 5,5%-ով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բարերի եւ ռեստորանների երկարատեւ փակման հետեւանքով:

Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով՝ գերմանացի գարեջրագործներն ու մատակարարներն անցյալ տարի 8,7 միլիարդ լիտր գարեջուր են վաճառել: Այս ցուցանիշը չի ներառում ոչ ալկոհոլային գարեջուրը կամ այն գարեջուրը, որը դրսից է ներկրվել Եվրամիություն:

Գերմանական գարեջրի վաճառքը տարիներ շարունակ նվազում է՝ կապված առողջական խնդիրների եւ այլ գործոնների հետ: 1993 թվականից ի վեր այն նվազել է 22,3%-ով:

Բայց նախորդ տարվա անկումը անսովոր կտրուկ էր, եւ ամիսների կտրվածքը ցույց է տվել կորոնավիրուսի սահմանափակումների ազդեցությունը: Ապրիլին վաճառքները նվազել են 17,3%-ով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ նոյեմբերին` 14,1%-ով:

Գերմանիայում բարերն ու ռեստորանները փակ էին մարտից մայիս եւ կրկին փակվել են նոյեմբերի սկզբից՝ երկրի ներկայիս երկրորդ կարանտինի շրջանակներում: Չեղյալ են հայտարարվել նաեւ խոշոր միջոցառումներն ու փառատոները, որոնց ժամանակ սովորաբար մեծ քանակությամբ գարեջուր էր օգտագործվում: