Խորհրդարանական ընտրություններն անկտրել ձմերուկի պես բան է. չգիտես՝ ինչ արդյունք կլինի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա վստահություն հայտնեց, որ իշխանությունն ի սկզբանե մտադիր չի եղել արտահերթ ընտրություններ անցկացնելու, հարցը դրել է քննարկման մեջ, հետո հանում է. «Այսինքն անընդհատ քաղաքական դաշտը կմնա տուրբուլենտ, մարդիկ անընդհատ կպատրաստվեն ընտրությունների, իսկ դրանք կարող են լինել 2023 թվականին: Դե դուք պատրաստվեք, ձեր օրակարգերից շեղվեք, բանակի վերազինումը թողած, Գորիս-Կապան ճանապարհի խնդիրները թողած, ռազմագերիների հարցը թողած, սոցիալական, տնտեսական ճգնաժամերը դրանից խոսեք:

Երբ իշխանափոխության հանգեցնող սահմանադրական գործընթացները վիժեցվում են, ես չեմ բացառում, որ կարող են տեղի ունենալ այլ պրոցեսներ: Եթե պրոցեսները չգնան սահմանադրական ճանապարհով, կարող են շատանալ Վահան Բադասյանի հայտարարության պես հայտարարությունները: Իշխանությունը պետք է լինի ադեկվատ»:

Անդրադառնալով 17 ուժերի պայքարին, որոնք հանրահավաքներով ցանկանում են հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, Մարուքյանն ասաց, որ չի կարծում, թե այդ ճանապարհով կլինի պրոցես. «Այդ պրոցեսների արդյունքում այսօր «Իմ քայլը» փակ գաղտնի քվեարկությամբ 86 կողմ ձայնով ընտրում է ԲԴԽ անդամ: Մինչ այդ այդ ձայները չկար: Հիմա ունենք ավելի համախմբված, կուռ «Իմ քայլը» դաշինքի թիմ, քան ունեինք նոյեմբերի 15-ին, 16-ին»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է «Իմ քայլը» կուռ, եթե ինքը ժամանակ առաջ հայտարարոըւմ էր, որ եթե վարչապետը հրաժարական տա, ապա «Իմ քայլից» շատերը վարչապետ կընտրեն իրեն: Մարուքյանն արձագանքեց, որ եթե իր հայտարարությունը սխալ լիներ, վարչապետն առանց հուշագրի հրաժարական կտար եւ երկիրը կտաներ արտահերթ ընտրությունների:

Դիտարկմանը, թե եթե արտահերթ ընտրություններ չլինեն, գործընթացները փակուղի են մտնում, Մարուքյանն ասաց, որ իրենք «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած ճանապարհային քարտեզը թողնում են սեղանի վրա. «Մենք շարունակելու ենք լոբբինգ անել մեր ծրագրերը, մեր ռեւսուրսներն այդքան են: Հո ահաբեկչական գործողություն չենք անելո՞ւ»: