Եվրասիական տնտեսական միության զարգացմանը չի կարող խանգարել ո՛չ համավարակը, ո՛չ ներքին կոնյունկտուրան: Այս մասին այսօր ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փոխվարչապետների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եվրասիական միությունն ակտիվորեն զարգանում է, դրան չի կարող խանգարել ո՛չ ծանր համաճարակաբանական իրավիճակը, ո՛չ ներքին կոնյունկտուրայում փոփոխությունները»,- շեշտել է նա: «Մենք կշարունակենք անհրաժեշտ ամեն ինչ անել, որ Միության տարածքում ապահովենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը,- հավելել է Միշուստինը: - Կարեւոր է, որ մեր երկրներում ապրելը, սովորելը, աշխատելը եւ բիզնես վարելը հարմարավետ լինի: Այս խնդիրների լուծումը կքննարկենք նաեւ գարնանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստում»:

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ տեղի է ունեցել իր աշխատանքային այցը Ղազախստան, որտեղ կայացել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստը: «Մենք քննարկել ենք անդամ պետությունների համար ավելի նշանակալի թեմաները՝ սկսած համատեղ միջոցառումներից, որոնք կիրառվում են մեր քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար, եւ ավարտած երրորդ երկրների հետ միավորման համագործակցության ընդլայնմամբ,- ասել է ՌԴ վարչապետը: - Քննարկել ենք հարցեր, որոնք առնչվում են Միության ներքին շուկայի գործելուն, մաքսային սակագների կարգավորմանը, մի շարք ինովացիոն նախագծերի իրականացմանը: Ամենալուրջ ուշադրություն ենք հատկացրել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին»:

ՌԴ վարչապետը հիշեցրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԵԱՏՄ պետությունների ղեկավարները հաստատել են Միության Զարգացման ռազմավարությունը: «Սա հաջորդ 5 տարիներին մեր աշխատանքի հիմքն է,- շեշտել է նա: - Մենք գործընկերների հետ միասին համաձայնվել ենք, որ հիմա անհրաժեշտ է կենտրոնանալ ռազմավարության իրականացման ծրագրի օպերատիվ համաձայնեցման վրա եւ սկսել դրա կատարումը»: