Արբանյակների եւ անօդաչուների դերն Ադրբեջանի եւ Թուրքիայի վերջին պատերազմում Արցախի եւ Հայաստանի դեմ, բանակի զորահավաքի եւ ապահովման հետ կապված խնդիրները. այս եւ այլ հարցերի մասին է ավիացիայի պահեստազորի փոխգնդապետ, գրող Վահրամ Օհանջանյանի` NEWS.am-ին տված հարցազրույցը:
Ադրբեջանի նախագահը վերջերս պարծեցավ իր երկրի` «տիեզերական ակումբին» պատկանելով եւ վերջին պատերազմում արբանյակների ունեցած դերով: Դատելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներից`այդ երկիրն ունի թուրքական արտադրության մի քանի արբանյակ եւ Ֆրանսիայից ստացած մեկ գեոդեզիական արբանյակ: Կա՞ն տվյալներ, թե քանի արբանյակ ունի Ադրբեջանը եւ ինչպես են դրանք օգտագործվում:
Այո, ցավոք, նա այժմ պարծենալու բան ունի, այդ թվում` որոշակի ձեռքբերումներով տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում, ակնհայտ է, որ ոչ միայն խաղաղ նպատակներով օգտագործման համար: ԼՂՀ բնակչության դեմ առաջին պատերազմում կրած պարտությունից հետո ԱՀ իշխանությունները շարունակում էին լրջորեն եւ համակարգված կերպով պատրաստվել հաջորդ պատերազմին, ինչը չի կարելի ասել Հայաստանի իշխանությունների մասին: Զինված ուժերի զարգացման ամենաթանկ եւ խոստումնալից ուղղությունը տիեզերական միջոցների տիրապետելն է՝ հակառակորդի տարածքի հետախուզման և ամենակարեւոր ռազմական օբյեկտների գտնվելու վայրերի մշտական վերահսկման եւ հիմնական ուժերի եւ միջոցների առաջխաղացմանը տիրապետելու նպատակով: Ըստ բաց աղբյուրների` Ադրբեջանն այժմ ունի 2 հեռահաղորդակցական արբանյակ` Azerspace-1-ը եւ Azerspace-2-ը, որոնք գործարկվել էին 2013-ին եւ 2018-ին, բացի այդ` գեոդեզիական ցածր ուղեծրային Azersky արբանյակը, որն ուղեծիր էր բաց թողնվել 2014-ին: Այդ նախագծի ընդհանուր արժեքը, ըստ նույն աղբյուրների, մոտ 624 մլն դոլար էր: Սակայն հարկ է ընդգծել, որ նշանակություն չունի, թե իրականում քանի արբանյակ ունի ԱՀ-ն եւ որն է դրանց նպատակը: Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը` այսօր Ադրբեջանը կարող է ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն օգտագործել, որը տրամադրում է թուրքական կողմը, նույնիսկ` ռազմական նպատակներով եւ իրական ժամանակում, ինչը չենք կարող ասել Հայաստանի մասին:
Ինչպիսի՞ն էր արբանյակների դերը թշնամու կողմից հետախուզական տվյալների ստացման, օպերացիաների պլանավորման գործում:
Ժամանակակից պատերազմում շատ դժվար է պատկերացնել մարտական գործողությունների պլանավորումը առանց հուսալի հետախուզության: Առավել եւս հիմարություն է հարձակողական օպերացիա սկսել` առանց թշնամու ուժեղ եւ թույլ կողմերն իմանալու, թե որտեղ են կենտրոնացած նրա հիմնական ուժերն ու միջոցները, որտեղ են տեղակայված հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, ավիացիոն խմբավորումները, հրթիռների արձակման հարթակները, ռազմական պահեստները եւ շատ այլ նմանատիպ օբյեկտները:
Արբանյակները հնարավորություն են տալիս ոչ միայն հայտնաբերել ռազմավարական օբյեկտները կոորդինատների բարձր ճշգրտությամբ, այլեւ զորքերի և սարքավորումների բոլոր շարժումների կանոնավոր եւ շարունակական դիտարկումներ իրականացնել, ինչը հնարավորություն է տալիս պարզել թշնամու գործողությունների, նրա գլխավոր հարվածների, հակագրոհների նպատակը եւ շատ ավելի կարեւոր տեղեկություններ` մարտական հաջողությունների հասնելու համար: Եվ այս ամենի մեջ, կարծում եմ, վերջին պատերազմում կարեւոր դեր խաղացին հենց թուրք շտաբային գեներալները, ովքեր մեծ մարտական փորձ ունեն Սիրիայում, Լիբիայում, քրդական զինված կազմավորումների հետ պատերազմում, ընդ որում, ԱՀ-ի բանակի հրամանատարությանն օգնություն էր ցուցաբերվում հենց արբանյակների հետախուզական տվյալների հիման վրա:
Հայտնի է եւ դա հաստատվեց Ղարաբաղում մարտերին մասնակցած Սիրիայից վարձկանների հարցաքննություններով, որ ադրբեջանական բանակի օպերացիաների եւ անձնակազմի նախապատրաստմանը մասնակցել են թուրք հրահանգիչները: Թուրքիան փաստացի ՆԱՏՕ-ի ներուժն օգտագործեց ագրեսիվ նպատակների համար: Արդյո՞ք սա չի հակասում Դաշինքի պաշտոնական դիրքորոշմանը:
Մեր ժամանակներում, երբ ամենուր երկակի ստանդարտներ կան եւ «ճիշտ է նա, ով ուժեղ է», Դաշինքի պաշտոնական դիրքերից խոսելը, հավանաբար, մի քիչ միամիտ է թվում: Մենք բոլորս ականատես եղանք այս 44-օրյա պատերազմին եւ շատ բան տեսանք, այդ թվում` հումանիզմի սկզբունքների, համընդհանուր արժեքների բազմաթիվ խախտումներ, երբ ամբողջ աշխարհում շեփորում էին կորոնավիրուսային համավարակի, մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանը նույն ընթացքում հերթական լայնածավալ պատերազմը սկսեց ԼՂՀ-ի դեմ... Ի դեպ` երրորդը վերջին 30 տարվա ընթացքում: Գնդակոծվեցին խաղաղ բնակավայրեր, զոհվեցին խաղաղ բնակիչներ` երեխաներ, կանայք, ծերեր, իսկ որոշ ազդեցիկ եւ հզոր երկրներ սահմանափակվեցին երկու կողմերին ուղղված հրադադարի կոչերով` ձեւացնելով, որ չգիտեն, թե ով եւ ինչու է սկսել այս պատերազմը:
Արդյո՞ք Հայաստանը բավարար չափով շեշտադրում արեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից զենքի արգելված տեսակների օգտագործման փաստի վրա:
Այն փաստը, որ ԱՀ-ն տարբեր արգելված զենքի տեսակներ էր օգտագործում, ինչպիսիք են կասետային ռումբերը, ֆոսֆորային ռումբերն ու արկերը, ոչ ոք չի հերքում: Կան բազմաթիվ տեսանյութեր, այդ թվում` ինտերնետում տեղադրված: Արդյո՞ք Հայաստանը բավարար չափով շեշտադրում արեց այս խնդիրների վրա: Իսկ դա այդքան կարեւո՞ր էր` շեշտադրում անելը: Առանց այդ էլ բոլորը տեսան դա: Պարզապես աշխարհը հերթական անգամ կույր, խուլ ու համր ձեւացավ, ինչպես 1915-ին էր: Բայց այն ժամանակ ինտերնետ չկար, դու կարող էիր արդարացնել քո անդեմ ու անամոթ անտարբերությունը:
Առաջին անգամ հայկական բանակը ամօդաչուների բախվեց 2016-ի ապրիլին, այդ ժամանակ` իսրայելական արտադրության: Արդյո՞ք անհրաժեշտ եզրակացություն էր արվել:
- Ես հաճախ եմ խոսում այդ մասին, եւ հիմա նորից կրկնեմ, «նոր ամենակարող զենքի» մասին առասպելը, ինչպիսին շատերն անօդաչու թռչող սարքերն են համարում, մի փոքր չափազանցված է: Նախ դա այդքան էլ նոր զենք չէ եւ գոյություն ունի առնվազն ութ տասնամյակ: Իսկ ահա նոր կոմպոզիտային նյութերը, եզակի ուժային համակարգերը, թվային եւ օպտիկական տեխնոլոգիաներն այս տեսակի զենքին «երկրորդ շունչ» են հաղորդել: Դրանք ավելի քիչ տեսանելի են դարձել ռադիոտեխնիկական միջոցների համար եւ պակաս խոցելի: Այո, դրանք շատ արդյունավետ եւ հզոր զենքեր են, սակայն` միայն զինված կազմավորումների եւ կանոնավոր բանակների համար, որոնք ժամանակակից, լուրջ հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր չունեն: Եվ դրանց ուժը զանգվածային, այլ ոչ թե եզակի կիրառման մեջ է: Ապրիլյան քառօրյա պատերազմում, որը նույնպես սանձազերծվել էր ԱՀ-ի կողմից ԼՂՀ-ի դեմ, իսրայելական ծագմամբ անօդաչուներ կիրառվեցին, սակայն այն ժամանակ դրանք այդքան էլ արդյունավետ չէին, եւ զգալի մասը ոչնչացվեց ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից: Ըստ ամենայնի, սա լրացուցիչ ինքնավստահություն տվեց, եւ արդյունքում զենքի այս տեսակի թերագնահատում տեղի ունեցավ: Բայց ամեն ինչ զարգանում, կատարելագործվում է` տեխնոլոգիաները, մարտավարությունը, պատերազմի վարման ձեւերը: Մարտական գործողությունների ասպարեզում ավելի նոր անօդաչու թռչող սարքեր են հայտնվել` ավելի բարձր թռչելու եւ ավելի մեծ հեռավորության վրա թշնամու թիրախները խոցելու հնարավարությամբ: Ուստի զենքի նման տեսակների դեմ հակաքայլերը եւս պետք է կատարելագործվեն, պետք է համահունչ լինել ժամանակին:
Վերջին պատերազմում թշնամին ակտիվորեն օգտագործում էր թուրքական արտադրության «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերը: Թուրքիան պնդում է, որ նոր սերնդի անօդաչուները «չեն վախենում» հակաօդային պաշտպանության համակարգերից, եւ չկա լիարժեք արդյունավետ հակաքայլ: Արդյո՞ք դա այդպես է:
Ինչպես արդեն ասացի, դա ամբողջովին ճիշտ չէ: Այո, Bayraktar TB2-ի նման ժամանակակից թուրքական անօդաչուներն ավելի առաջադեմ են, քան նախորդ սերնդի Bayraktar TB1-երը, չնայած Թուրքիան իր զինանոցում ունի TAIAnka (A, B, S) տեսակի ոչ պակաս հզոր անօդաչուներ: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ Bayraktar TB2-ին, ապա այն նոր տեխնիկական հնարավորություններ ունի, ինչպիսիք են ավելի կայուն կապը վերահսկող կայանի հետ, ինքնավար աշխատանքը, եթե կառավարման կայանի հետ կապը կորչում է, տիեզերական միջոցներով կառավարում, արագության` մինչեւ 222 կմ/ժամի ավելացում, մինչեւ 24 ժամ թռչելու հնարավորություն, 8.2 կմ բարձրանալու հնարավորությունը, օգտակար ծանրաբեռնվածության մինչեւ 55 կգ-ի ավելացում, ինչը հնարավորություն է տալիս խոցել ցամաքային թիրախները 4 MAM-L (C) հրթիռներով` մինչեւ 8 կմ հեռավորության վրա: Սակայն միեւնույն ժամանակ ռազմական գործողությունների փորձը Սիրիայում, Լիբիայում, ԼՂՀ-ում ցույց տվեց, որ դրանք այդքան էլ անխոցելի չեն, որքան նրանք կցանկանային: 2019 թվականի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի նոյեմբեր ամիսները պաշտոնապես հայտնի է, որ խոցվել է 18 այդպիսի միավոր, այդ թվում` Լիբիայում` 11 միավոր, Սիրիայում` 3 միավոր, ԼՂՀ` 4 միավոր եւ 3 միավոր ինքնուրույն են կործանվել:
Լիբիական Al-MasdarNews պարբերականի տվյալներով` 2020 թվականին Լիբիայում 47 Bayraktar TB2 է ոչնչացվել, որոնց մեծ մասը` «Պանցիր-Ս» զենիթահրթիռային համալիրից: Դրանց ոչնչացման հավանականությունը կախված է հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի տեսակից եւ անձնակազմի պատրաստվածությունից, ինչպես նաեւ այդ համալիրների դեմ միաժամանակ օգտագործվող անօդաչու թռչող սարքերի քանակից: Որքան դրանք ավելի շատ են, այնքան հակազդելն ավելի դժվար է դառնում: Բացի այդ, դրանց դեմ շատ արդյունավետ են ռադիոտեխնիկական պայքարի միջոցները, օրինակ` ռուսական արտադրության «Կրասուխա», «Սոլարիս-Ն» ռադիոէլեկտրոնային պայքարի կայանները, որոնք իրենց ռադիոխանգարումներով խափանում են անօդաչուի կապը վերահսկող կայանի հետ` դժվարություններ ստեղծելով կառավարման եւ իրական ժամանակում հետախուզական տվյալներ ձեռք բերելու գործում, ինչը շատ կարեւոր է մարտական գործողությունների ժամանակ:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը:
Այստեղ ես չեմ կարող կոշտ չլինել իմ դատողություններում: Հայաստանի բոլոր քայլերն ու գործողությունները պետք է ուղղված լինեն դեպի ներս` ուժերի վերականգնմանը, հզոր, տնտեսապես եւ իրավական տեսանկյունից զարգացած պետության ստեղծմանը: Ուստի Հայաստանն առաջին հերթին պետք է ինքնամաքրվի, ընդ որում` արմատապես: Ինքնամաքրում անհրաժեշտ է իշխանության բոլոր կառույցներում` կառավարությունից մինչեւ ուժային կառույցներ, ԱԱԾ-ից, ոստիկանությունից եւ բանակից սկսած: Հայաստանին բյուրեղյա մաքրության, բարձր ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ կադրեր են անհրաժեշտ բոլոր ոլորտներում: Վաղուց ժամանակն է ազատվել անվստահելի, ծախու, կոռումպացված եւ ցածր բարոյագործնական որակներով այլ պետական պաշտոնյաներից: Եթե չի բավականացնում, ապա Սփյուռքը շատ մեծ ռեսուրսներ ունի: Հայաստանին անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել իր բանակը, քանի որ դա երկրի եւ ժողովրդի անվտանգության միակ սահմանադրական երաշխավորն է: Անհրաժեշտ է բանակը վերազինել բոլոր տեսակի ժամանակակից զենքերով եւ ռազմական տեխնիկայով եւ հետ չմնալ մյուսներից, հատկապես` հարեւան պետությունների բանակներից, որակական իմաստով, օգտագործելով մեր ռազմագիտական ներուժը եւ հայկական սփյուռքի հնարավորություններն աշխարհում: Բացի այդ, Հայաստանը պետք է ջերմ հարաբերություններ պահպանի հին դաշնակիցների եւ բարի հարեւանների հետ` չդադարելով նոր, հուսալի դաշնակիցներ փնտրել, ովքեր երբեք չեն դավաճանի, իրենց կարճատես շահերը բարեկամությունից եւ եղբայրությունից վեր չեն դասի: Իսկ այդպիսի պետություններ կարող են լինել Հունաստանը, Իտալիան, Բուլղարիան, Սերբիան, Սիրիան, Չինաստանը, Հնդկաստանը, որոշ արաբական եւ այլ բարեկամ երկրներ, որոնք համակրում են Հայաստանին:
Պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանին 7 շրջանների փոխանցումից բացի հակառակորդին սկսեցին հանձնել տարածքներ Սյունիքում, սահմանը տեղափոխվեց Սոթքի (Գեղարքունիք) ուղղությամբ: Գործողությունների հապճեպությունը հանգեցրեց նրան, որ հայկական բանակը նահանջեց եւ մնաց առանց դիրքերի: Արդյո՞ք դա վտանգ է պարունակում հնարավոր նոր ագրեսիայի ֆոնին:
Դժվար է ասել՝ վտանգ պարունակում է, թե՝ ոչ: Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է այն սցենարներից, որոնք աշխարհի հզորները պատրաստել են Հայաստանի համար, այդ թվում այս պատերազմը, որի մասին վկայում է նրանց առեղծվածային լռությունը: Ակնհայտ է, որ դա դավադրություն էր Հայաստանի դեմ: Եվ պատերազմը կանգնեցրեցին միայն այն բանից հետո, երբ բոլոր շահագրգիռ կողմերը հասան իրենց նպատակին: Սակայն այդ մասին չէ, որ կցանկանայի խոսել: Վերադառնանք Սյունիքի սահմաններին: Այն, որ վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ակնհայտ է: Այլ հարց է՝ ինչպես ենք վերադառնում՝ լկտիաբար, ավելին խլելու մտադրությամբ: Այդ ամենը խոսում է անատամության եւ գործող իշխանության՝ ոչ կոմպետենտ եւ ապաշնորհ լինելու մասին, որը լուրջ է ընդունել բոլշեւիկյան առաջնորդների խոսքերն այն մասին, թե հեղափոխությունից հետո «յուրաքանչյուր խոհարար կարող է ղեկավարել պետությունը»…Ինչ վերաբերում է հապճեպությանը: Գիտե՞ք՝ ինչու փոխեցին ՀՀ Սահմանադրությունը: Նախորդ 49-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն էր: Իսկ նոր Սահմանադրությամբ նման բան արդեն չկա: Նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարներից ոչ ոք չի երաշխավորում ՀՀ անկախությունը, ամբողջականությունը: Զինված ուժերը միայն ապահովում են տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Նախապես հող են նախապատրաստել, թե ում պետք է փրկել պատասխանատվությունից եւ ում «քավության նոխազ» դարձնել: ՀՀ Սահմանադրությունը պետք է որքան հնարավոր է շուտ փոխել, քանի դեռ չենք կորցրել պետականությունը: ՀՀ իշխանությունները միշտ իմացել են, որ համաձայն բոլոր միջազգային պայմանավորվածությունների եւ համաձայնությունների՝ վաղ թե ուշ պետք է վերադարձնեն 7 շրջանները, եւ ամոթալի չէր լինի ամրապնդել սեփական սահմաններն ու պատրաստվել ապագային: Չեմ կարողանում վրդովմունքի բառեր գտնել, թե ինչ պայմաններում են ծառայում մեր զինվորները Սյունիքում Ադրբեջանի սահմանին… Իսկ ինչ վերաբերում է նախկին սահմանների որոշմանը, ցանկանում եմ ասել, որ ցանկացած զորամասի շտաբերում կան քարտեզներ, որոնց վրա կարելի է տեսնել 1991-1992թթ. ՀՀ եւ ԱՀ միջեւ սահմանները:
Ի՞նչ է նշանակում սահմանները GPS-ով սահմանելը: Տարբեր ժամանակակից գաջետների որոշ սիրահարներ այնքան են կտրվել իրականությունից, որ դադարել են խելամիտ մտածել… Պետք է վերադառնալ նախկին աշխարհագրական սահմաններին, իսկ վիճելի հատվածները կարելի է լուծել փոխադարձ զիջումների միջոցով:
Ռազմական ոլորտում ի՞նչ ամենամեծ բացթողումներ եք համարում վերջին գրեթե 3 տասնամյակում:
Ես հաճախ եմ մտածել վերջին տասնամյակների ամենամեծ թերությունների մասին: Իսկապես դրանք շատ են եղել, սակայն կարեւորագույններից մեկն Ադրբեջանի հետ ԼՂՀ սահմանների վիճակն է եղել: Եթե վերջին գրեթե 30 տարում իշխանությունը, Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտոնյաները հրաժարվեին իրենց պալատներից, սուպերմարկետներից, ռեստորաններից, խաղատներից եւ այլ օբյեկտներից, ապա այդ գումարները կօգտագործվեին սահմաններն ամրապնդելու համար: «Մաներգեյմի գիծը» կառուցվել է ֆինների հետ 1919-1939 թվականներին ԽՍՀՄ դեմ 140 կիլոմետրանոց սահմանի երկայնքով, այնտեղ Կարմիր բանակը ահռելի մարդկային եւ նյութական կորուստներ է կրել 1940 թվականի ներխուժման ժամանակ: Նույնիսկ խաղաղ ժամանակ նման համակարգը կփրկեր բազմաթիվ հայ զինվորների կյանքեր եւ Ադրբեջանին կստիպեր զերծ մնալ ռազմական կոչերից, հռետորաբանությունից, հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրություններից: Հաջորդ բացթողումը երկրի մոբիլիզացման գործող համակարգից հրաժարումն ու վերացումն է: ԽՍՀՄ-ում ամեն ինչ գրագետ մտածված եւ կազմակերպված էր: Զինկոմիսարիատներում յուրաքանչյուր քաղաքացի, պահեստազորային ուղարկվում էր զորամաս եւ նշանակվում պաշտոնի՝ համաձայն իր զինվորական մասնագիտացման: Տանկիստը չէր կարող հանկարծակի դառնալ սակրավոր, սակրավորը՝ հրետանավոր, եւ այլն: Պարբերաբար քաղաքացիների շրջանում զորահավաքներ էին անցկացվում։ Գոյություն ուներ զորամասերի մի քանի տեսակ, այսինքն՝ մշտական մարտական պատրաստվածության զորամասեր, կրճատված անձնակազմով զորամասեր եւ նոր ձեւավորվող զորամասեր: Մշտական պատրաստվածության զորամասերում բոլորն արդեն պաշտոններ ունեին, կրճատված անձնակազմով կրճատման զորամասերում միայն սպաներ էին, իսկ մնացածին ընտրում էին զինկոմիսարիատներից: Նոր զորամասերը ձեւավորվում էին զրոյից, ոչ թե քաոսաբար, այլ նախապես մտածված ծրագրով:
Իսկ հնարավո՞ր էր այդ ժամանակ կամավորների կանչել եւ միանգամից ուղարկել ռազմաճակատ:
Իհարկե ոչ: Ի՞նչ է ընդհանրապես նշանակում կանչել: Կանչը մեկն է. գրություն էին ուղարկում կոնկրետ քաղաքացու շրջանային կոմիսարիատը, եւ այդ քաղաքացին պարտավոր էր ներկայանալ: Իմանալով, որ եթե չներկայանան, նրանց քրեական պատասխանատվություն է սպասվում: Իսկ հիմա դա կամավոր է դարձել: Ապա ուղարկում էին իրենց ստորաբաժանումներ: Նրանք մարտական պատրաստվածություն, հոգեբանական ադապտացիա էին անցնում: Որոշակի ծրագրով ուսումնավարժանքներ էին անցկացվում: Նրանց ֆիզիկապես նախապատրաստում էին: Այդ ընթացքում հասցնում էին ծանոթանալ միմյանց հետ, անձնական շփումներ հաստատել: Մի բան է մարտի դաշտ ուղարկել միմյանց չճանաչող մարդկանց, այլ բան է միասնական, ընկերական կոլեկտիվ ուղարկել, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է իր կյանքի գնով փրկել մարտի դաշտում իր ընկերոջը:
Արդյո՞ք դա նշանակում է, որ միանգամից մարտի դաշտ մոբիլիզացված ջոկատներ ուղարկելը սխալ որոշում էր:
Ըստ էության, այդ մոբիլիզացված ջոկատները նոր ձեւավորվող զորամասերի օրինակներ էին, սակայն դրանք զորամասեր չէին, այլ ընդամենը զինվորական ստորաբաժանումներ՝ թույլ պատրաստված, առանց փորձառու հրամանատարության, առանց կապի միջոցների, առանց հստակ խնդիրների, առանց աջից ու ձախից իրենց հարեւանների միջեւ փոխգործակցության: Դրանք ավելի շուտ հիշեցնում էին 90-ականների ֆիդայինների ջոկատները: Մի՞թե մենք մշտական բանակ չունենք: Անհրաժեշտ էր համալրել մշտական բանակի շարքերը մոբիլիզացված ջոկատի մասնագետներով: Ժամանակակից պատերազմում կարելի էր հաղթել միայն մշտական բանակի միջոցով, որը հագեցած կլիներ ժամանակակից զենքով, զինտեխնիկայով եւ հանդերձանքով: Մարտական ոգին շատ կարեւոր գործոն է, սակայն նման ոգին առանց խելքի կիրառման՝ ճանապարհ է դեպի ինքնաոչնչացում: Կա մի շատ ուսուցանող ֆիլմ՝ «Վերջին սամուրայը», ով չի դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել, որպեսզի հասկանաք, որ ինչպես այդ ֆիլմի հերոսները, այդպես էլ մեր զինվորները 44-օրյա պատերազմի ժամանակ հայտնվեցին բարդ իրավիճակում:
Ի՞նչ կցանկանայիք ասել բանակի թիկունքային ապահովման, զենքով ապահովման մասին:
Ես արդեն խոսեցի մի քանի կարեւոր բացթողումների մասին եւ կցանկանայի մի բան շեշտել թիկունքային ապահովման հարցերում: Իրականում այստեղ եւս բազմաթիվ թերություններ կան: Դա նաեւ զրահաբաճկոնների, բժշկական դեղարկղիկների եւ այլ անհատական պաշտպանության միջոցների ապահովումն է: Զինվորականների շրջանում անդառնալի եւ սանիտարական կորուստների մեծ մասը բեկորային վնասվածքների պատճառով էր: Բարձրորակ զրահաբաճկոններ եւ գլխի պաշտպանության համար պողպատե սաղավարտներ ունենալու դեպքում զոհերի եւ վիրավորների թիվը կկրճատվեր 40-50 տոկոսով: Չէ որ դրանք ինչ-որ մեկի երեխաների, եղբայրների, հայրերի եւ պապերի կյանքն է, բայց սա ընդամենը պարզ օրինակ է: Ես կցանկանայի կենտրոնացնել ձեր ուշադրությունը մեկ այլ, ավելի կարեւոր հարցի վրա: Դա սննդային ապահովումն է եւ, ավելին` դրա իրականացման սկզբունքները ժամանակակից բանակներում: Եթե մենք զուգահեռներ անցկացնենք եւ համեմատենք սննդի ապահովման սկզբունքները ժամանակակից զորքերի եւ խորհրդային բանակի համար, ապա կարելի է զգալ այն անդունդի խորությունը, որում կարող է հայտնվել հետխորհրդային տարածքի հանրապետությունների ցանկացած բանակ ժամանակակից պատերազմի պայմաններում: Խորհրդային բանակում ամբողջ սնունդը շրջանային, բանակային պահեստներ եւ զորամասերի պահեստներ էր մատակարարվում կենտրոնացված գնումների միջոցով` դրանց որակի, պիտանելիության ժամկետների համապատասխան ստուգումներից հետո: Զորամասերում ընթացիկ մթերավորման պաշարներ եւ չպակասող պաշարներ էին ստեղծվում: Յուրաքանչյուր զորամաս ուներ իր ճաշարանները, դրանց անձնակազմը համալրված էր բոլոր մասնագետներով` ճաշարանի պետեր, խոհարարներ, մատուցողներ, հաց կտրողներ եւ այլն: Ընդ որում, նրանցից շատերը զինծառայողներ էին կամ ենթակա էին զինվորական ծառայության: Խաղաղ պայմաններում սննդի ապահովման հետ կապված խնդիրներ չէին առաջանում: Պատերազմի ժամանակ, երբ այդ ստորաբաժանումները դաշտային պայմանների էին անցնում, «ՆԶ»-ից դուրս էին բերվում դաշտային խոհանոցները, հատուկ մեծ վրանները եւ ճաշարանի նույն կազմով տաք սնունդ էր կազմակերպում ստորաբաժանումների համար, նույնիսկ` լրացուցիչ լրակազմով, դաշտային պայմաններում, մարտական գործողությունների պայմաններում:
Իսկ ի՞նչ է փոխվել, ինչո՞ւմ է, այսպես կոչված, խարդավանակը
Այսպես ասեմ: Որոշ խոշոր թիկունքային զինվորական ղեկավարների, երբ նրանք պատրաստվում էին թոշակի անցնել, խիստ մտահոգում էր հարցը, թե ինչո՞վ են իրենք զբաղվելու քաղաքացիական կյանքում, ինչպե՞ս են գումար վաստակելու: Եւ այդպես էլ նրանք հորինեցին աութսորսինգի սխեման: Նախապես փոխելով բանակում սննդամթերքի մատակարարման կարգը` իբր զինծառայողներին տնտեսվարող խնդիրներից, զինվորներին ճաշարանի աշխատանքին ներգրավման` աման լվանալու, կարտոֆիլ մաքրելու եւ այլ օժանդակ առաջադրանքներից ազատելու «բարի մտադրություններով», որոշեցին, որ ավելի հեշտ լինի պայմանագրեր կնքել քաղաքացիական կազմակերպությունների հետ, որպեսզի նրանք այդ ամենով զբաղվեն, բնականաբար` բյուջեից վճարի դիմաց: Ապա հանրային սննդի կազմակերպություններ էին ստեղծում, իրենք էլ շահում էին այդ մրցույթները եւ գումար աշխատում` արդեն գոյություն ունեցող եւ պատրաստի նյութական բազայի վրա: Այստեղ կան նաեւ նրբերանգներ, ինչի մասին նրանք լավ գիտեին: Օրինակ, ամեն շաբաթ` հանգստյան օրերին, ժամկետային զինծառայողները արձակվում էին` մինչեւ ընդհանուր թվի 30 տոկոսի սահմաններում: Որպես կանոն, նրանց ոչ ոք չէր հանում մթերավորումից, քանի որ նրանք կարող էին վերադառնալ զորամաս եւ սնունդ ստանալ: Բայց քչերն էին վերադառնում, եւ մթերքը մնում էր: Եվ դրանից սովորաբար օգտվում էին ճաշարանի աշխատակիցները` այն իրենց վերցնելով: Իսկ ահա հանրային սննդի նոր սխեմայով այդ մթերքները մնում են կազմակերպությունների նոր տերերին` լրացուցիչ շահույթի տեսքով:
Եվ ինչպե՞ս է այդ սխեման ընդհանուր առմամբ բացասաբար անդրադարձել, ասենք, զորամասերի մարտական պատրաստվածության վրա:
Հենց դրան էլ սահուն մոտենում եմ: Թվում է` Աստված նրանց հետ, թող աշխատեն, թող փող աշխատեն, միայն թե չափաբաժինների որակն ու քաշը չտուժեն, զինվորները գոհ մնան: Այո, խաղաղ ժամանակներում գուցե եւ այդպես է: Բայց ես` որպես զինվորական մարդ, ամենից շատ կուզեի հասկանալ, թե ինչպես է այդ սխեման գործելու պատերազմական ժամանակներում, երբ զորամասը ստիպված լինի տեղափոխվել մարտական գործողությունների տարածք: Արդյո՞ք քաղաքացիական կազմակերպության աշխատողները զորամասի հետ միասին կցանկանան տեղափոխվել դաշտային պայմաններ եւ արկերի պայթյունների տակ տաք կերակուր պատրաստել դաշտային խոհանոցներում կռվող զինվորների համար: Եվ ամենասկզբնական փուլում, երբ քննարկվում էր այս նախագիծը, ես այս հարցն ուղղեցի մի բարձրաստիճան ռազմական հրամանատարի:
Հետաքրքիր է՝ ի՞նչ պատասխանեց:
Չեք հավատա: Պատասխանը հետեւյալն էր. «Մենք չենք պատրաստվում ոչ ոքի հետ կռվել, այսօր բոլոր կոնֆլիկտները կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»:
Այդ ժամանակ ես պարզապես ասացի. «Այդ դեպքում ինչի՞ համար է բանակը, ինչո՞ւ անիմաստ գումար ծախսել բյուջեից: Բաց թողեք բոլորին, թող աշխատեն ազգային տնտեսությունում եւ օգուտ բերեն երկրի տնտեսությանը»: Ի պատասխան՝ նա պարզապես ժպտաց… Այսօր այդ պատերազմի ժամանակ ջրի երես բարձրացավ այն ամենը, ինչը գտնվում էր խորքում: Երբ անհրաժեշտություն կար սնունդը կազմակերպել դաշտային պայմաններում, պատերազմի պայմաններում: Իսկ սննդի կազմակերպման հին համակարգի դեպքում ամեն ինչ կկարգավորվեր ռազմական խոհարարների եւ այլ մասնագետների ուժերով: Դա ձեզ համար զինվորին ստացիոնար ճաշարաններում ելակով կերակրել չէ: Հենց այդ ժամանակ պետք էր մի քանի քայլ առաջ մտածել, տեսնել խնդիրները նախօրոք՝ մինչեւ դրանց հայտնվելը:
Այո, ցավալի է այս ամենը… Ձեր կարծիքով ի՞նչ խնդիրներ են լուծվում ժամանակակից պատերազմներում՝ ի տարբերություն անցած հարյուրամյակի:
Ընդհանրապես տնտեսական շահերը միշտ եղել են եւ մնում են առաջնային: Սակայն կան նաեւ տարբերություններ: Ժամանակակից պատերազմում՝ ի տարբերություն անցյալ դարի պատերազմների, լուծվում են նաեւ այլ խնդիրներ՝ գլոբալիստական ծրագրերին համապատասխան։ Դրանք են՝
Տարածքների բաժանում եւ նոր աշխարհաքաղաքական ինժեներիա՝ հակառակորդների եւ այլ միջազգային ուժերի նախօրոք պատրաստած ծրագրով;
- Իշխանության բոլոր լծակներում զանգվածային գործակալների ցանցի ստեղծում, որպեսզի պատերազմը դառնա կառավարելի;
- Զանգվածային ապատեղեկատվության տարածում, հանրային կարծիքի շեղում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ;
- Բնակչության թվաքանակի կրճատում;
- Ւշխանության կողմից տաքարյուն ազգայնական ուժերից եւ հայրենասերներից ազատում;
- Պատերազմում արհեստական պարտություն եւ բոլոր մեղքերի համար ժողովրդին եւ զինծառայողներին մեղադրում;
- Ավանդական շրջաններից նոր շրջաններ բնակչության զանգվածային տեղափոխում:
Այս ամենի մեջ, թերեւս, կարող է լինել ինչ-որ բան հին պատերազմներից: Ինչպես ասել է հայ բանաստեղծ Համո Սահյանը, «փոխվել են տերերն ու դերերը, բայց նույնն է երախը վիշապի»…
Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում անմիջապես Հայաստանի սահմանի մոտ: Կարելի՞ է դա գնահատել որպես հոգեբանական ճնշման փորձ:
Երբեք չի կարելի թերագնահատել հակառակորդին: Տվյալ իրավիճակում «հոգեբանական ճնշումը» հնչում է որպես մանկական չարաճճիություն: Այդ խայտաբղետ կոալիցիայի որոշակի հաջողություններից հետո նրանց ախորժակը լրջորեն բացվել է: Քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը, դժվար է պատկերացնել լուրջ հարձակումներ Հայաստանի վրա: Սակայն Ռուսաստանում եւ դրա սահմանների մոտ քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում ամեն ինչ կարող է արմատապես փոխվել: Ռուսաստանի եւ Թուրքիայի «բարեկամությունը» հիշեցնում է «կրիայի եւ օձի մասին» առակը, որոնք որոշել էին մի ափից մյուսը լողալ: Ահա թե ինչու է այդքան կարեւոր սեփական մարտունակ բանակն ունենալը, քան հույսը դաշնակիցների կամ ինչ-որ պայմանագրերի եւ համաձայնագրերի վրա դնելը: Երբեմն այդ համաձայնագրերի գինն ավելի թանկ է լինում այն թղթից, որը նրանք ստորագրել են: Հիշեք՝ ինչ տեղի ունեցավ 1917 թվականին՝ առաջին աշխարհամարտի ժամանակ հարավային ճակատում: Ժամանակ առ ժամանակ, ուզենք թե չուզենք, բախվելու ենք Թուրքիայի հետ: Անցած անգամ լրիվ կործանումից մեզ փրկեց Սարդարապատի ճակատամարտը, իսկ ի՞նչ եւ ո՞վ կփրկի այս անգամ: Աշխարհն ինչպես եղել է կույր, խուլ եւ համր, այնպես էլ մնացել է, եկեք ապավինենք մեր ուժերին: Մեր ուժը մեր միասնության մեջ է:





























