Ցանկացածին, ով Անգլիա ժամանելիս սուտ տեղեկություն կներկայացնի ուղեւորության համար արգելված ցուցակի մեջ ներառված երկիր վերջերս կատարած այցի մասին, կսպառնա մինչեւ 10 տարվա բանտարկություն՝ կորոնավիրուսի վերաբերյալ նոր խիստ սահմանապահ քաղաքականությանը համապատասխան, փոխանցում է ABC News-ը:

Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի բնակիչները, որոնք Անգլիա կժամանեն կառավարության «կարմիր ցուցակի» մեջ մտցված երկրներից, պետք է ձեռք բերեն «կարանտինային փաթեթ», որը մեկ մարդու համար արժե 2400 դոլար եւ պետք է ծածկի կեցության, վիրուսի թեստավորման եւ այլ միջամտությունների ծախսերը:

Նրա խոսքով՝ կանոններին չհետեւող անձինք, այդ թվում՝ նրանք, ովքեր ժամանում են «կարմիր ցուցակի» մեջ մտցված երկրից, հյուրանոց չամրագրելով, կարող են տուգանվել:

Ներկայումս 33 երկրներից, ներառյալ Հարավային Աֆրիկայից, Պորտուգալիայից եւ ամբողջ Հարավային Ամերիկայից Անգլիա ուղեւորությունները փաստացի արգելված են՝ հիմնականում կորոնավիրուսի նոր տարբերակներով պայմանավորված մտավախությունների պատճառով:

Սակայն Բրիտանիայի եւ Իռլանդիայի քաղաքացիներին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի այլ ռեզիդենտների մուտքը թույլատրված է պայմանով, որ նրանք ժամանելուց հետո 10 օր կինքնամեկուսանան:

Ընդ որում՝ նրանք չեն կարող մեկուսանալ իրենց տանը՝ ի տարբերություն այն երկրներից ժամանողների, որոնք մտցված չեն «կարմիր ցուցակի մեջ»: Դրա փոխարեն, նրանք հատուկ առցանց պորտալի միջոցով ստիպված կլինեն գնել փաթեթ, որի մեջ մտնում է կեցությունը, սնունդը եւ ՊՇՌ թեստավորումը:

«Ընդլայնված թեստավորման» ռեժիմը, որը լրացնում է մեկնելուց առաջ արդեն հաստատված թեստերը, պարտադիր է լինելու Անգլիա ժամանող բոլորի համար, եւ ցանկացածը, ով դա չի անի, կտուգանվի:

Մինչեւ 13 800 դոլարի տուգանք է սպառնում նրանց, ովքեր չեն բնակվի «կարանտինային հյուրանոցներում»: Մինչեւ 10 տարի բանտարկության ամենախիստ պատիժը սպառնում է նրանց, ովքեր կստեն «կարմիր ցուցակի» երկիր այցելելու մասին:

Այս միջոցառումների գործողության տեւողությունը կախված կլինի համավարակի տարածումից եւ այն բանից՝ վիրուսի նոր տարբերակները կխոչընդոտե՞ն արդյոք Մեծ Բրիտանիայում պատվաստանյութի արագ տեղակայմանը: Արդեն մոտ 12,65 մլն մարդ ստացել է առաջին դեղաչափը, ինչը համարժեք է մեծահասակ բնակչության շուրջ 20 տոկոսին: