Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների մասամբ վերացումից հետո՝ քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությանը կրկին մասնակցել են գործընկեր կառույցների ներկայացուցիչները:

Խոսելով օրակարգում ընդգրկված աշխատանքների ու ընթացիկ խնդիրների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք դիտարկումներ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ:

Հաշվի առնելով արդեն իսկ նկատվող շինարարական աշխատանքների ակտիվությունը՝ քաղաքապետը Ճանապարհային ոստիկանության ուշադրությունն է հրավիրել շինհրապարակներից կեղտոտ անվադողերով դուրս եկող բեռնատարների, ինչպես նաև բաց թափքով շինանյութ տեղափոխող մեքենաների խնդրին:

«Շինարարությունը տնտեսության շարժիչ ուժն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը: Սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը: