Նոր իրավիճակը Հայաստանի առջեւ նոր մարտահրավերներ է բարձրացնում: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակը շատ բարդ է, եւ երկրի իշխանությունների հիմնական նպատակը Հայաստանի եւ Ղարաբաղի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդումն է:

Նախարարը խոստովանեց, որ սա բարդ խնդիր է, որը աշխարհաքաղաքական զարգացումների դրսեւորում է:

«Անհրաժեշտ կլինի ամեն ջանք գործադրել իրավիճակը դեպի դեէսկալացիա տանելու համար, ինչը, իր հերթին, կհանգեցնի Հայաստանի անվտանգությանը»,- նշեց արտգործնախարարը:

Նա հիշեցրեց, որ անվտանգությունը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից՝ սկսած ներքին կայունությունից, վերջացրած տարբեր միջազգային հարթակներով:

Այվազյանը, մատնանշելով Կարսում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից անցկացված զորավարժությունները, նշեց, որ դրանք հայկական կողմի անհանգստությունն են առաջացնում:

«Թուրքիայից անընդհատ տարբեր մեսիջներ են գալիս: Դիվանագիտության մեջ ընդունված է մեսիջների միջոցով ազդանշաններ ուղարկել, բայց հաշվի առնելով Թուրքիայի գործոնը՝ ժամանակն է առաջնորդվել ոչ թե մեսիջներով, այլ գործողություններով», - ասաց նախարարը: