ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, իր օգնականների խորհրդակցություններից հետո հրաժարվել է հրապարակային ելույթից` Կոնգրեսի Սենատում իմպիչմենթի գործընթացից հետո իր համար հաջող արդյունքի հնարավորությունները մեծացնելու համար: Այս մասին հայտնել է The Hill պարբերականը` վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

Նրանց խոսքով` Ամերիկայի նախկին առաջնորդի լռությունը «ռազմավարական բնույթ է կրում»: Նրան խորհուրդ են տվել հրաժարվել հրապարակային ելույթներից, «չճոճել նավակը», որպեսզի հնարավորինս շատ հանրապետականներ սատարեն նրան` թույլ չտալով իմպիչմենթի հաստատումը: Ըստ աղբյուրի` այս իրավիճակը շատ է զայրացնում Թրամփին, ով իմպիչմենթի առաջին գործընթացում անընդհատ մեկնաբանում էր այն Twitter- ում, հարցազրույցներում եւ մամուլի ասուլիսների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սոցցանցեր մուտքի սահմանափակումը եւս օգնում է Սպիտակ տան նախկին ղեկավարին լռել: Աղբյուրը կարծում է, որ ընթացակարգի ավարտից հետո նախկին նախագահը կվերսկսի իր հրապարակային ելույթները:

Թրամփի իմպիչմենթի ընթացակարգը սկսվել էր նրա կողմից հունվարի 6-ին արված հայտարարությունների պատճառով: Այդ օրն ԱՄՆ մայրաքաղաքում հանրահավաքի ժամանակ հանրապետականի կողմնակիցները ներխուժել էին Կոնգրես` փորձելով կանխել անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը, որոնց արդյունքում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը: