Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմում իր նստավայրում անհաջող ընկնելուց հետո գիշերը անցկացրել է հիվանդանոցում, ասվում է նրա կողմից ղեկավարվող «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երեքշաբթի 84-ամյա քաղաքական գործիչը մասնակցել է ԵԿԲ նախկին ղեկավար Մարիո Դրագիի նախքան կառավարության ձեւավորումը անցկացվող խորհրդակցություններին: Աշնանը կորոնավիրուսի վարակվելուց եւ հունվարի կեսերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով հիվանդանոց ընկնելուց հետո Հռոմ ժամանումը Բեռլուսկոնիի առաջին հայտնվելն էր հանրության շրջանում:

«Բեռլուսկոնին երեկ երեկոյան վերադարձել է Միլան՝ իր հռոմեական նստավայրում պատահական ընկնելու պատճառով»,- ասել են կուսակցությունից՝ հավելելով, որ նախկին վարչապետը վնասել է կողոսկրը:

Արդեն առավոտյան նախկին վարչապետը վերադարձել է աշխատանքի:

Դրագիի հետ խորհրդակցությունների ժամանակ տեղի լրագրողները ուշադրություն են հրավիրել Բեռլուսկոնիի լավ տրամադրության վրա, չնայած նրա թույլ ձայնին: Չորեքշաբթի օրը նա հանդիպել է «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ: Նրանց համատեղ լուսանկարները հետագայում հրապարակվել են Բեռլուսկոնիի սոցիալական ցանցերում:

Սիլվիո Բեռլուսկոնին Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է չորս անգամ՝ 1994-1995թթ., 2001-2005թթ., 2005-2006թթ., 2008-2011թթ.՝ ռեկորդ Իտալիայի քաղաքականության համար: Նա նաեւ դարձել է առաջին մուլտիմիլիարդատերը, որը գլխավորել է եվրոպական պետության կառավարությունը:

2019-ի մայիսին կայացած ընտրությունների արդյունքներով Բեռլուսկոնին դարձել է Եվրախորհրդարանի անդամ: