Սան Մարինոյի կառավարությունը խորհրդարանից թույլտվություն ստանալու դեպքում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը գնելու պատրաստակամություն է հայտնել, հինգշաբթի հաղորդել է Altarimini իտալական կայքը:

Նրանց տվյալներով՝ այսպիսի դիրքորոշում է հայտնել Սան Մարինոյի առողջապահության նախարար Ռոբերտո Չավատան: Այս երկիրը հունվարի 11-ին պայմանագիր է կնքել Իտալիայի հետ, համաձայն որի՝ Հռոմը 50 000 չափաբաժին պատվաստանյութ կփոխանցի Սան Մարինոյի բնակիչներին ներարկելու համար:

Սկզբնապես Սան Մարինոն պատրաստվում էր պատվաստումներ կատարել՝ պահպանելով ԵՄ նորմերն ու ռազմավարությունը, չնայած այն բանին, որ գաճաճ պետությունը այս միության անդամ չէ: Սակայն կառավարությունն այժմ սկսել է դիտարկել այլընտրանքային տարբերակներ:

Սան Մարինոյում «Սպուտնիկ V»-ի հաստատումը կարող է շատ արագ ընթանալ՝ երկրում չկա նման խնդիրները կարգավորող մարմին: Այդ պատճառով թույլտվությունը կարող է տրվել պարզապես հիմնվելով այլ երկրների սանիտարական մարմինների խորհրդատվությունների վրա:

Resto del Carlino-ն պարզաբանում է, որ ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու պատճառներից մեկն էլ այն փաստն է, որ ընդդիմությունը եւ Սան Մարինոյի շատ բնակիչներ քննադատում են իշխանություններին` բնակչության պատվաստումները կազմակերպել չկարողանալու համար: Պատվաստվել ցանկացող տեղական բժիշկները ստիպված են մեկնել Իտալիա՝ հուսալով, որ կհամաձայնեն իրենց սրսկել:

Սան Մարինոյի բնակչությունը կազմում է շուրջ 33 000, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Իտալիան, որը Սան Մարինոյին պատվաստանյութեր չէր մատակարարում, ինքն է բախվել այդ դեղամիջոցների պակասի հետ: Ինչպես հաղորդվել է, վերջին շաբաթներին, տարածաշրջանային մակարդակով կոչեր են արվել արագացնել «Սպուտնիկ V»-ի հաստատման գործընթացը եւ սկսել իտալական տարածքում ռուսական պատվաստանյութերի օգտագործումը: