Ռուս խաղաղապահները շինարարական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում: Այս մասին, փետրվարի 11-ին, NEWS.am-ին տված հարցազրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Աշխատանքներն իրականացվում են մեր թույլտվությամբ»,- հավելեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս աշխատանքները կապված են թռիչքուղիների կամ տերմինալների ու օդանավակայանի այլ օբյեկտների հետ, Բեգլարյանը նշեց. «Տարբեր տեսակի աշխատանքներ են իրականացվում»:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շահագրգռված չեն Ռուսաստանի կողմից Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմամբ եւ ամեն կերպ պետք է խոչընդոտեն դրան։
«Մասնավորապես, դա կանի Թուրքիան՝ Ադրբեջանի ձեռքով, քանի որ շահագործման համապատասխան թույլտվությունը պետք է Բաքուն տա: Այս գաղափարի իրագործումն, իհարկե, մեծ նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ դրանով նա ուղիղ կապ կհաստատի Արցախի խաղաղապահների եւ Ռուսաստանի միջեւ: Ուստի Անկարան դեմ է դրան»,- պարզաբանեց նա:
Սաֆրաստյանը նշեց, որ եթե վերլուծում եք Թուրքիայի քաղաքականությունը երկար ժամանակի ընթացքում, կարելի է եզրակացնել, որ նա չի գնում զիջումների, վարում է կոշտ քաղաքականություն, փորձում է օգտագործել այս կամ այն իրավիճակը բացառապես իր շահերի համար:
«Էրդողանի քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դարձել, հատկապես վերջին շրջանում, էքսպանսիոնիզմի տարրերն ակնհայտ են»,- հավելեց թուրքագետը:





























