ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանել սպառնալու պատճառով, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով դաշնային քրեական հայցը:

Փետրվարի 5-ին 27-ամյա Դեւիդ Քայլ Ռիվզը ձերբակալվել է այն պատճառով, որ գիտակցված եւ դիտավորյալ սպառնացել է ԱՄՆ նախագահին զրկել կյանքից ու մարմնական վնասվածքներ պատճառել:

Դատախազները պնդում են, որ Ռիվզը հունվարի 28-ից փետրվարի 1-ը հեռախոսով բազմիցս կապվել է Սպիտակ տան կոմուտատորի հետ եւ սպառնացել Բայդենին ու մյուսներին:

Հաղորդվում է, որ զանգերից մեկի ժամանակ Ռիվզը հայտարարել է, որ պատրաստվում է բոլորին սպանել ու գլխատել:

Քրեական հայցում նաեւ նշվում է, որ գաղտնի ծառայության գործակալը կապ է հաստատել մեղադրյալի հետ՝ նրա սպառնալիքները քննարկելու համար: Ռիվզը օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել է գործակալին՝ նախագահին սպառնալով:

Ռիվզը գործակալին ասել է, որ «արտահայտվելու ազատության իրավունք ունի, եւ ինքը ոչ մի վատ բան չի արել»:

Կասկածյալը կանգնել է Հյուսիսային Կարոլինայի դաշնային քրեական դատարանի առաջ: Որոշում է կայացվել, որ նա կմնա կալանքի տակ:

Ռիվզի փաստաբան Քեւին Թեյթը հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի համարել, կատարվում է նրա հոգեկան առողջության վիճակի համապատասխան գնահատում:

ԱՄՆ նախագահին սպանելու սպառնալիքների համար առավելագույն պատիժ է նախատեսված 5 տարվա ազատազարկում եւ 250 հազար դոլարի տուգանք: