Սաուդյան Արաբիան մեծացրել է օտարերկրյա ընկերությունների վրա ճնշումը Մերձավոր Արեւելքում նրանց կենտրոնակայանները թագավորություն տեղափոխելու նպատակով՝ հայտարարելով, որ 2024 թվականից դադարեցնելու է պայմանագրեր ստորագրել այն ընկերությունների հետ, որոնց գրասենյակներն այլ երկրներում են:
Վերջնագիրը կարող է մեծացնել բիզնեսի եւ օտարերկրյա կապիտալի համար մրցակցությունը թագավորության եւ Պարսից ծոցի մյուս պետությունների, հատկապես նրա գլխավոր դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ, որոնք տնտեսական անկում են ապրում:
«Սաուդյան Արաբիան մտադիր է դադարեցնել պայմանագրերը այն ընկերությունների եւ առեւտրային հաստատությունների հետ, որոնց տարածաշրջանային կենտրոնակայանները թագավորությունում չեն տեղակայված»,- հայտնել է Մամուլի սաուդյան պաշտոնական գործակալությունը (SPA)՝ վկայակոչելով չներկայացած պաշտոնական աղբյուրին:
Որոշումն ուղղված է «ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսական արտահոսքի սահմանափակմանը, ծախսերի արդյունավետության բարձրացմանը եւ երաշխավորելուն, որ տարբեր պետական մարմինների կողմից ձեռք բերված հիմնական ապրանքներն ու ծառայությունները արտադրվեն թագավորությունում»:
Սաուդյան Արաբիան, որն արաբական ամենախոշոր տնտեսությունն է, ամբողջ ուժով փորձում է օտարերկրյա ներդրումներ ներգրավել, որը ոչ նավթային եկամուտները խթանելու համար գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի տնտեսության դիվերսիֆիկացման «Հեռանկար 2030» ծրագրի առանցքային տարրն է:
Մեծ թվով անդրազգային կորպորացիաներ, որոնք բիզնես են վարում պահպանողական թագավորությունում, նախընտրում են տարածաշրջանային գրասենյակներ բացել ԱՄԷ-ում եւ Պարսից ծոցի այլ մայրաքաղաքներում, որոնք համեմատաբար ավելի լիբերալ կենսակերպ են առաջարկում եւ թույլ են տալիս ալկոհոլ օգտագործել:
Անցյալ ամիս տեղի ունեցած Future Investment Initiative համաժողովում 24 միջազգային ընկերություններ հայտարարել էին իրենց կենտրոնակայանները Էր Ռիադ տեղափոխելու մտադրության մասին:
Այս որոշումը «չի ազդի որեւէ ներդրողի հնարավորության վրա մուտք գործելու Սաուդյան Արաբիայի շուկա կամ իր բիզնեսը շարունակելու մասնավոր հատվածի հետ»,- նշված է SPA-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Բայց այն ճնշում կգործադրի մասնավոր հատվածի ընկերությունների վրա, որոնք սաստիկ կախված են Սաուդյան Արաբիայի շահութաբեր պետական պայմանագրերից:
«Անդրազգային կորպորացիաներին Սաուդյան Արաբիայում իրենց կենտրոնակայանները ստեղծելու հարկադրանքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ սաուդյան շուկայից օգուտ ստացող օտարերկրյա ընկերությունները պետք է ամրապնդեն իրենց ֆիզիկական ներկայությունը երկրում»,- AFP-ին ասել է Վաշինգտոնում Պարսից ծոցի արաբական պետությունների ինստիտուտի գիտաշխատող Ռոբերտ Մոգելնիցկին:
«Սա, վերջին հաշվով, Սաուդյան Արաբիայի տնտեսական զարգացման մոդելի կայունության վերագնահատում է, այլ ոչ թե ԱՄԷ-ին նետված դիտավորյալ առեւտրային մարտահրավեր: Սակայն եթե ամեն ինչ հաջողությամբ կատարվի, դա, հավանաբար, ԱՄԷ-ի վրա առեւտրային ազդեցություն կունենա»,- ասել է նա:





























