Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են խստացնել մզկիթների եւ կրոնական դպրոցների վերահսկողությունը՝ արմատականությունը արմատախիլ անելու համար: Համապատասխան օրինագծի քվեարկությունը փետրվարի 16-ին տեղի կունենա երկրի խորհրդարանի ստորին պալատում, հայտնում է Lenta-ն` հղում անելով Associated Press-ին:
Մասնավորապես, փաստաթուղթն ուղղված է բազմակնության եւ հարկադիր ամուսնությունների դեմ պայքարին: Ակնկալվում է, որ նախագիծը կընդունվի խորհրդարանի ստորին պալատի կողմից, որտեղ նախագահ Էմանուել Մակրոնի կենտրոնամետ կուսակցությունը մեծամասնություն ունի: Փաստաթուղթն, ըստ ամենայնի, դիմադրության չի հանդիպի սենատում, որտեղ գերակշռում են պահպանողականները։
Օրինագիծը դժգոհություն է առաջացրել երկրում բնակվող մահմեդականների շրջանում: Նրանք կարծում են, որ փաստաթուղթը սահմանափակում է դավանանքի ազատությունը, իսկ Ֆրանսիայում արդեն կան ահաբեկչության դեմ պայքարի օրենքներ: Օրինագծի հակառակորդները նաեւ հայտարարում են, որ սա ընդամենը պահպանողական ու ծայրահեղ աջ ընտրողների շրջանում քաղաքական միավորներ հավաքելու Մակրոնի փորձն է՝ հաջորդ տարվա նախագահական ընտրությունների նախաշեմին:




























