ԿԳՄՍ նախարարությունում հրավիրվել է ռեկտորների խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էր Ազգային ժողովում նախորդ շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծի քննարկման հարցը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել է Հայաստանի պետական բուհերի 13 ռեկտոր, ինչը բավարար էր քվորումի ապահովման համար: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը, ով նիստին ներկա չէր, փոխանցել էր գրավոր առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:
Նիստին մասնակից բոլոր ռեկտորներն օրինագծի առնչությամբ մի շարք մտահոգություններ են հայտնել, ինչպես նաեւ ներկայացրել գրավոր առաջարկների փաթեթներ` դրանք Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու եւ նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ քննարկելու նպատակով:
Ռեկտորները մտահոգիչ են համարում նախագծի անցումային դրույթներով սահմանված 2022-24 թվականներին ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման պահանջը` նշելով, որ բուհերի բյուջեներն այդ դեպքում կարող են ունենալ ֆինանսական ճեղքվածք` հաշվի առնելով, որ հավատարմագրումն ենթադրում է տեւական գործընթաց եւ վճարումների կատարում: Բանն այն է, որ նախագծով ընդհուպ մինչեւ գործունեության լիցենզիայի դադարեցման խնդիր է դրվում, եթե բուհը նշված ժամկետներում հավատարմագրում չի անցնում: Բացի դրանից` օրինագծով առաջարկվող որոշ ձեւակերպումներ բուհերի համար կարող են առաջացնել հարկային պարտավորությունների կատարման խնդիրներ` հավելյալ հարկային բեռի ռիսկ հարուցելով:
Ռեկտորներից շատերի կարծիքով` օրինագիծը՝ որպես ոլորտը կարգավորող հիմնարար իրավական ակտ, բավականին մեծ թվով բացառություններ է սահմանել, ինչը հակասում է ոլորտի միասնական կարգավորման տրամաբանությանը եւ խնդրահարույց է համընդհանուր օրինաչափության եւ բուհերի հանդեպ խտրական մոտեցման տեսանկյունից: Խնդիրներ կան նաեւ մասնագիտական տերմինների սահմանման, ընդհանրապես նախագծի լեզվական եւ ոճական շարադրանքի հետ կապված: Ըստ ռեկտորների խորհրդի` անհրաժեշտ է շտկումներ անել` առաջարկվող ձեւակերպումները հստակեցնելու եւ հետագայում տարընթերցումներից խուսափելու համար:
Բարձրացվել է նաեւ բուհերի կառավարման մոդելի` խորհուրդների ձեւավորման եւ ռեկտորի ընտրության հարցը, ըստ որի՝ խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական եւ բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորը, ըստ նախագծի, ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը: Կարծիքներ են հնչել, որ այդ մոտեցումը բուհական ինքնավարության ու ակադեմիական ազատության սահմանափակում է, եւ ըստ էության՝ նշանակում է ռեկտորի նշանակովի մոդելի ներմուծում: Այդպիսի մոդել, ի դեպ, նախկինում կիրառվել է ԵՊՀ-ում` ֆակուլտետների դեկանների ընտրության ժամանակ (երեք թեկնածուից մեկին նշանակել է ռեկտորը), սակայն հետագայում որոշվել է անցում կատարել ուղիղ ընտրության կարգին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ռեկտորների բարձրացրած խնդիրների ու առաջարկների վերաբերյալ նշել է, որ դրանք կհամակարգվեն եւ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Նախարարի գնահատմամբ` կատարյալ օրենքներ չեն լինում, եւ այս նախագիծն էլ լավագույնը լինելու հավակնություն չի կարող ունենալ, սակայն ներկա պայմաններում կարգավորման պահանջը հասունացած է. «Բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքի նախագծի մշակմամբ զբաղվել են կրթության եւ գիտության վերջին 4 նախարարները. այն ունի տարիների պատմություն: Նախագծի հիմնական բովանդակությունը պետք է փնտրել ոչ թե ռեկտորի ընտրության կամ նշանակման, այլ կրթական ծրագրերի, կրեդիտային համակարգի եւ բազմաթիվ խորքային հարցերի մեջ: Ցանկացած բուհ նախ եւ առաջ ավանդույթների պատմություն է, եւ ռեկտորը, անկախ նրա անձից, պետք է դառնա այդ ավանդույթների կրողն ու զարգացնողը»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Անդրադառնալով ռեկտորի ընտրության եւ բուհերի կառավարման խորհուրդների մոդելին` նախարարը նշել է, որ առաջարկվող լուծումը, երբ ռեկտորի 3 թեկնածուից մեկին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, կիրառվում է աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրների համալսարաններում: Կա նաեւ հակառակը, այսինքն՝ ուղիղ ընտրության դրական փորձը: Հայաստանի համար այս փուլում նմանօրինակ մոդելի նախընտրությունը, ըստ նախարարի, որոշ իմաստով բխում է առկա իրավիճակից:
«Ինձ համար անհասկանալի են այն ձեւակերպումները, թե Կառավարությունը փորձում է միջամտել ռեկտորի ընտրությանը: Այդպիսի հայտարարությունները երբեմն արվում են այնպիսի տոնայնությամբ, կարծես թե խոսքը հարեւան պետության, այլ ոչ թե ՀՀ կառավարության մասին է: Պետությունը՝ որպես բուհի հիմնադիր, վճռորոշ խոսքի իրավունք ունի եւ կարող է կարեւոր դերակատարում ունենալ` անկախ նրանից, թե տվյալ պահին ով է ներկայացնում իշխանությունը: Բուհի եւ պետության հարաբերությունները պետք է գործընկերային լինեն, իսկ բուհի ներքին մթնոլորտը` ակադեմիական: Պետք չէ մոռանալ, որ տվյալ պարագայում ռեկտորը պետության հիմնադրած բուհում վարձու աշխատող է` ընդամենը: Պետական բուհի մասին խոսելիս պետք է չմոռանալ նաեւ, որ բուհը պետական ապրանքանիշ է` բրենդ, հետեւաբար պետությունն իրավունք ունի պայմաններ եւ պահանջներ դնել»,- նշել է Վահրամ Դումանյանը:
Նախարարի խոսքով` ներկայում բուհերի մի մասն ունեն հիմնադրամի, մյուսները` այլ կազմակերպաիրավական կարգավիճակ, ինչը համակարգում խառնաշփոթ է հարուցում, եւ այդ առումով եւս միասնական կարգավորման խնդիր կա:
Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաեւ նախագծով առաջարկվող այլ կարգավորումների` ուսանողական խորհուրդների եւ ուսանողական մարմինների ձեւավորման, կառավարման եւ ակադեմիական (գիտական) խորհուրդների իրավասությունների հավասարակշռման, վարչական աշխատանքի համար սահմանված տարիքային շեմի (65 տարեկանից հետո վարչական աշխատանքի կատարումը սահմանափակվում է), ամբիոնի վարիչի պաշտոնը ոչ թե վարչական, այլ գիտամանկավարժական պաշտոն դիտարկելու հարցերը:





























