Չեմ կարծում, թե 2018 թվականի գարնանը ՀՀ կառավարության առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իրեն իշխանության հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում դուրս է եկել այն շրջանակից, որը քննարկվել է մեր խմբակցությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նա պարզաբանեց, որ իշխանության զավթումն այսօրվա ուժերի կողմից հաջողվել է հանրային ճնշման արդյունքում եւ արտաքին խաղացողների օգնությամբ:
Աճեմյանի խոսքով՝ այդ ժամանակ իշխող կուսակցության սխալն այն էր, որ պետք էր ավելի ագրեսիվ առաջ տանել թեզը, որի համաձայն՝ Սերժ Սարգսյանի կողմից երկրի հետագա կառավարման անհրաժեշտությունը պայմանավորված է ԼՂ հարցով կարեւոր խնդիրների լուծմամբ: «Պաշտոնը երբեք առաջնահերթություն չի եղել Սարգսյանի համար: Նա միշտ դա ասել է, եւ մենք տեսել ենք այդ ծանրագույն աշխատանքը: Նա հասկանում էր, որ չի կարելի թույլ տալ ձախողում բանակցային գործընթացում: Բանակցողի փոխարինումը ողբերգական եղավ: Բացի այդ, չի կարելի թույլ տալ, որպեսզի այսօր խորհրդարանում գործակալներ հայտնվեն: 2018-ին հանրությունը մերժեց պետությանը, այլ ոչ թե Սերժին: Եթե այդ ժամանակ մենք աջակցություն ստանայինք, ապա հնարավոր կլիներ բարձրացնել հարցեր, որոնց մասին բոլորն այսօր խոսում են»,-նշեց նա:
Նախկին պատգամավորը նշեց, որ 2018-ից հետո Հայաստանում չկա քաղաքականություն եւ քաղաքական դիսկուրս, միայն վիրավորանքներ են եւ «բազար»: «Սխալները, որոնք մենք թույլ ենք տվել, անհամատեղելի են այն բանի հետ, ինչն այսօր անում են ներկայիս իշխանությունները»,-եզրափակեց նա:





























