Պակիստանի ոստիկանությունը երկրի արեւելյան Լահոր քաղաքում ուզում է ձերբակալել երկու քրիստոնյա տղամարդու՝ այն մեղադրանքով, որ իբր նրանք վիրավորական արտահայտություններ են արել Ղուրանի ու Մուհամմեդ մարգարեի հասցեին, հաղորդում է AP-ն:

Երկու տղամարդկանց դեմ գործը հարուցվել էր անցյալ շաբաթ օրը՝ մահմեդական բնակչի բողոքից հետո, ասել է ոստիկաննության քննիչ Մուրատաբ Ալին, ով հայտարարել է, որ մեղադրյալները դեռ ձերբակալված չեն։

Նա այլ մանրամասներ չի ներկայացրել եւ միայն նշել է, որ իրենք դեռ հետաքննություն են վարում, որպեսզի պարզեն, թե արդյոք երկու քրիստոնյաները կրոնը քննարկելիս արհամարհական արտահայտություններ են արել Ղուրանի եւ իսլամի մարգարեի վերաբերյալ:

Համաձայն աստծուն անարգելու մասին պակիստանյան օրենքների՝ ցանկացած մարդ, ով մեղավոր է ճանաչվում իսլամը կամ այլ կրոնական առաջնորդներին վիրավորելու մեջ, կարող է մահվան դատապարտվել: Աստծուն անարգելու միայն մեղադրանքը կարող է անկարգություններ առաջացնել Պակիստանում:

Ըստ տեղական եւ միջազգային իրավապաշտպան խմբերի՝ Պակիստանում աստվածանարգության մեղադրանքները հաճախ օգտագործվել են կրոնական փոքրամասնություններին վախեցնելու եւ անձնական հաշիվներ մաքրելու համար: Փենջաբի նահանգապետը 2011-ին սպանվել էր իր իսկ թիկնապահների կողմից՝ այն բանից հետո, երբ պաշտպանել էր սրբապղծության մեջ մեղադրվող Աասիա Բիբիին: Վերջինս արդարացվել էր ութ տարի մահապարտի խցում անցկացնելուց հետո, եւ սպառնալիքների պատճառով Պակիստանից մեկնել էր Կանադա: