Ջո Լիգոնը՝ ԱՄՆ-ում ենթադրաբար ամենատարեց եւ կալանքի տակ ամենաերկար գտնվող հանցագործը ազատ է արձակվել: 68 տարվա բանտարկությունից հետո նրան ազատ են արձակել, իսկ առաջին անգամ նա բանտ է ընկել 15 տարեկան հասակում, հայտնում է CNN-ը:

Լիգոնը ձերբակալվել է 1953թ.՝ դեռահաս տարիքում նա անդամակցել է մի ավազակախմբի, որը Ֆիլադելֆիայի փողոցներում կողոպուտներ եւ սպանություններ է կազմակերպել: Նրան մեղավոր են ճանաչվել երկու սպանությունների մասնակցության մեջ, նա խոստովանել է, որ առնվազն մեկ անգամ դանակով հարձակվել է մարդու վրա, բայց սպանություն չի խոստովանել:

«1953 թվականին այդ հանցագործությունները կատարած երեխան վաղուց արդեն գոյություն չունի: 2021 թվականին բանտից դուրս եկած մարդն արդեն 83 տարեկան է, նա մեծացել է, փոխվել եւ այլեւս սպառնալիք չի ներկայացնում»,- ասել է Լիգոնի փաստաբանը:

Տարեց ամերիկացուն ուզեցել են ազատ արձակել 2016 եւ 2017 թվականներին, սակայն նա հրաժարվել է իրեն առաջարկված ազատման պայմաններից՝ նա ուզում էր ազատվել առանց որեւէ հետագա վերահսկման, եւ ի վերջո դրան հասավ մինչեւ 2021 թվականը: