Արբանյակային համացանցի մասին իր երազանքն իրականացնելու համար միլիարդատեր Իլոն Մասկը պետք է ալեհավաքներ տեղադրի ամբողջ աշխարհում: Սակայն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող գյուղը հույս ունի, որ նա կորոշի այդ ալեհավաքներն իրենց գյուղից հեռու պահել:
350 մարդ բնակչությամբ Սեն Սենյոր դե Բեւրոնն այնքան էլ ուրախ չէ, որ ընտրվել է Մասկի Starlink նախագծի՝ տիեզերքի լայնաշերտ կապի վերգետնյա կայանի վայր:
«Սա բացարձակապես նոր նախագիծ է: Մենք ոչ մի պատկերացում չունենք այդ ազդանշանների ազդեցության մասին»,- ասել է գյուղապետի 34-ամյա տեղակալ Նոեմի Բրաուլտը: «Համայնքային խորհուրդը որպես նախազգուշական միջոց մերժել է»,- պարզաբանել է նա:
SpaceX-ի հիմնադիր եւ Tesla էլեկտրամոբիլների արտադրող Մասկը ծրագրում է տեղակայել հազարավոր արբանյակներ, որ համացանցին արագ հասանելիություն ապահովի աշխարհի ցանկացած կետում հեռավոր շրջանների համար:





























