Թուրքիայում հունիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, քրդական ընդդիմադիր «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Anadolu-ն:

Պայթյունի հետեւանքով տուժել է 10 մարդ, որոնցից 6-ի վիճակը ծանր է:

Շանլըուրֆա քաղաքում այդ կուսակցության շուրջ 500 կողմնակիցներ գրոհել են Արդարադատության տունը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանների հետ:

Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը նոր խորհրդարանում 326 տեղ կունենա։ Սա թույլ կտա ձեւավորել միակուսակցական կառավարություն, իսկ Թայիփ Էրդողանին՝ երրորդ անգամ վարչապետ դառնալ։

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված կլինի 135 պատգամավորներով։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը կունենա 54 պատգամավոր։ Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը նախկին 22-ի փոխարեն այս խորհրդարանում կունենա 36 պատգամավոր։

Նախնական տվյալներով, «Արդարություն եւ զարգացում»  կուսակցությունը հավաքել է 50, «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 26, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 13 տոկոս ձայներ։