ԱՄՆ Կապիտոլիումի շենքի վերանորոգումն ու անվտանգությունը հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններից հետո ավելի քան 30 միլիոն դոլար կարժենան ԱՄՆ-ին, այս մասին Կապիտոլիումի պաշտոնյաները հայտնել են օրենսդիրներին, փոխանցում է CBS News-ը:

«Արձաններ, որմնանկարներ, պատմական նստարաններ եւ օրիգինալ փեղկեր` դրանք բոլորը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, առաջին հերթին` պղպեղի աէրոզոլից, քիմիական գրգռիչներից եւ կրակմարիչներից: Արվեստի մեր թանկարժեք գործերին եւ արձաններին հասցված այս վնասը փորձագիտական մաքրում եւ կոնսերվացում կպահանջի»,- ասել է  Կապիտոլիումի ճարտարապետ Բրեթ Բլենթոնը:

Օրենսդիրներն արդեն հաստատել են 30 միլիոն դոլարի հատկացումը Բլենթոնի նկարագրած ծախսերը հոգալու համար, ում գրասենյակը պատասխանատու է Կապիտոլիումի համալիրը կազմող շենքերի խմբի շահագործման եւ պահպանման համար, ինչպես նաեւ` Կապիտոլիումի շուրջը կառուցված պարագծային ցանկապատի ֆինանսավորման համար: