Չորեքշաբթի Վաշինգտոնի քաղաքային խորհրդի անդամները կոչ են արել հանել հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններից հետո ԱՄՆ Կապիտոլիումի շուրջ որպես պաշտպանիչ միջոց տեղադրված պարիսպը, հաղորդում է Fox News-ը:
Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերին եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում խորհրդի անդամներն ասում են, որ «ուժեղացված անվտանգության պարագիծը» պարսպով եւ փշալարերով «սխալ որոշում է»: Պարիսպը նյութատեխնիկական ապահովման հետ կապված խնդիրներ է ստեղծել քաղաքում, ազդել է տեղական օրենսդիր մարմինների վրա եւ սահմանափակել է հասարակության մուտքը Կապիտոլիումի համալիր, հայտնել է նա:
«Մենք մեր լիակատար աջակցությունն ու համագործակցությունն ենք առաջարկում ինչպես հունվարի 6-ի անհաջողությունների հետ կապված թերությունների հետախուզման, այնպես էլ հրամանատարական կամ պլանային փոփոխությունների իրականացման համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի այդ իրադարձություններն այլեւս չկրկնվեն: Անընդհատ պարսպապատումը, փողոցներ փակելը կամ հասարակության մուտքի սահմանափակումը Կապիտոլիումի անվտանգության ապահովման միջոց չեն»,- ասվում է Քաղաքային խորհրդի նամակում, որը հրապարակվել է Fox 5 DC-ի կողմից:





























