Թերթը գրում է, որ Ադրբեջանում թմրամոլությունը վերածվել է աղետի, որը վտանգում է անգամ այդ երկրի ազգային անվտանգությունը: Ընդ որում, եթե նախկինում հիմնահարցը չէր բարձրաձայնվում, ապա, այժմ, երբ այս թեմայի շուրջն ի հայտ եկան տարբեր միջազգային կազմակերպությունների համապատասխան զեկույցները, խնդիրը թաքցնելը դարձավ անհնարին:

Ադրբեջանի Թմրաբանության հանրապետական կենտրոնի բաժնի վարիչ Աֆետ Մամեդովը նշում է, որ երկրում թմրամիջոցներից կախման մեջ գտնվող մարդկանց թիվը տարեցտարի աճում է: Մարդիկ սկսում են թմրամիջոցներ օգտագործել արդեն 12-13 տարեկան հասակից: ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով` Ադրբեջանում թմրամոլների թիվը գերազանցում է 300 հազարը, նրանց 30-35 տոկոսը` ուսանողներ:

Հարեւան երկրում չկա թմրամիջոցների օգտագործման դեմ մշակված քարոզչություն, թմրամոլների համար գոյություն չունեն վերականգնողական կենտրոններ: Իսկ դպրոցականները, որոնք բավարար գումար չունեն ավելի լուրջ ու թանկարժեք «դոզաների» համար, օգտագործում են էժանագին թմրամիջոցներ:

Ադրբեջանում աճել է նաեւ կին թմրամոլների թիվը: Չնայած վերջիններիս պաշտոնական թիվ նշվում է 500-ը, սակայն սա ընդամենը իրական թվի 10-15 տոկոսն է: Բնականաբար, հարեւան երկրում թմրամոլների թվի պաշտոնական վիճակագրությունը դեռեւս չի արտացոլում իրական պատկերը:

Օրինակ` առողջապահության նախարարության տվյալներովՙ երկրում թմրամոլների թիվը հասել է 24 հազարի, մյուս կողմից, հետաքրքրական է, նույն տվյալներով` երկրի իրավապահ մարմինները առգրավել են 2,5 տոննա թմրամիջոցներ` տարբեր տեսակների: Այս ամենից առաջանում է բավական տրամաբանական հարց. ինչպե՞ս են 24 հազար ադրբեջանցիները տարեկան օգտագործում 2,5 տոննա թմրամիջոցներ: