Իլոն Մասկի կարողությունը, որը բաժնեմասեր ունի SpaceX եւ Tesla ընկերություններում, մեկ օրում ավելացել է միանգամից 25 մլրդ դոլարով. սա մեկ օրում ռեկորդային աճ է, վկայում են «Բլումբերգ» գործակալության տվյալները, որը հաշվարկում է ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

BBI-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը հիմա գնահատվում է 174 մլրդ դոլար: Նա շարունակում է մնալ վարկանիշի երկրորդ հորիզոնականում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, ում կապիտալը կազմում է 180 մլրդ դոլար: Անցած մեկ օրում Բեզոսի կարողությունն աճել է 5,95 մլրդ դոլարով:

Մասկը հունվարի սկզբին BBI-ի վարկածով հայտնվել էր աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղում՝ անցնելով Բեզոսից, սակայն արդեն փետրվարին վերադարձել էր երկրորդ տեղ:

Ըստ Forbes Real-Time-ի՝ Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 22,6 մլրդ դոլարով՝ հասնելով մինչեւ 166,2 մլրդ դոլարի (երկրորդ տեղ), Բեզոսի կարողությունը՝ 5,9 մլրդ-ով, հասնելով մինչեւ 179,9 մլրդ դոլարի:

Մասկի կարողությունը կտրուկ ավելացել է Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի բաժնետոմսերի վստահ աճի շնորհիվ: Երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով՝ գնանշումները բարձրացել են միանգամից 19,64 տոկոսով՝ մեկ բաժնետոմսի դիմաց մինչեւ 673,58 դոլար: Մինչ այս, ընկերության բաժնետոմսերի մեկօրյա մեծ բարձրացում էր գրանցվել (18-19 տոկոսով) 2020 թվականի փետրվար-մարտին: