ԱՄՆ-ը մտադիր է ուժեղացնել իր աջակցությունը Ուկրաինային անվտանգության, տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային, մենք մտադիր ենք ավելացնել այդ աջակցությունը ինչպես անվտանգության եւ տնտեսության ոլորտում, այնպես էլ այնտեղ, ինչը վերաբերում է երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված նրա ջանքերին»,- ասել է պետքարտուղարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:
Ըստ նրա, վերջին կետը «չափազանց կարեւոր» է, քանի որ Կիեւը ստիպված է մի կողմից «դիմակայել դրսից ագրեսիային», իսկ մյուս կողմից «լուծել երկրի ներսում իր սեփական խնդիրները, ներառյալ կոռուպցիայի հարցը: «Մենք կենտրոնացած ենք այս բոլոր ուղղություններով աշխատելու վրա»,- ասել է Բլինքենը:
Նա նաեւ կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը, որը չի ճանաչում Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը դեմ է «Դոնբասում ագրեսիային»:





























