Ի տարբերություն խորհրդային ժամանակների, այժմ սեփական կացարան չունեցող քաղաքացիները պետության աջակցություն չեն ստանում: Պետական բյուջեի հաշվին կատարվող բնակարանային շինարարությունը չնչին տոկոս է կազմում: Կառուցվող բնակարաններն էլ հատկացվում են 1988թ. երկրաշարժից տուժածներին եւ վթարային շենքերի բնակիչներին: Սակայն նրանցից բացի կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք նույնպես բնակարանի կարիք ունեն: Բնակչության բնական աճն առաջ է բերում նոր բնակտարածքի կարիք: Այդ հարցը հատկապես սուր է բազմազավակ ընտանիքներում: Նորաստեղծ ընտանիքներն էլ ծնողների բնակարանում չտեղավորվելու դեպքում ստիպված են լինում այլ ճանապարհներ փնտրել:
Հիփոթեքից կարող են օգտվել բոլոր ցանկացողները, եթե իհարկե ունեն կայուն եկամուտ` ամեն ամիս բանկին մի քանի հարյուր հազար վճարելու համար: Ուսումնասիրենք առեւտրային բանկերի առաջարկած հիփոթեքային վարկերի պայմանները: Որեւէ բանկի գովազդը կամ հակագովազդը չանելու համար անուններ չնշենք, թեեւ բոլոր բանկերն էլ գրեթե նույն պայմաններն են սահմանում:
Նախ պարզենք, թե քանի քառակուսի մետր բնակտարածք կարելի է գնել բանկերի առաջարկած առավելագույն 20 միլիոն դրամով: Ընթացիկ տարվա ապրիլի գներով այդ գումարով Կենտրոնում բազմաբնակարանային շենքերում կարելի է ձեռք բերել 44,7 քառակուսի մետր տարածք` մեկ սենյականոց բնակարան, որը աճող երիտասարդ ընտանիքի համար իհարկե լավագույն տարբերակը չէ: Արաբկիրում նույն 20 միլիոն դրամով հնարավոր է գնել ընդարձակ մեկ սենյականոց կամ երկու սենյականոց բնակարան` 57,6 քառակուսի մետրով: Իսկ Էրեբունիում նույնիսկ երեք սենյականոց է հնարավոր գտնել` 85 քառակուսի մետրով:
Այժմ տեսնենք, թե ինչքան է կազմելու վարկի տոկոսների գերավճարը: Առեւտրային բանկերից մեկի ներկայացրած հաշվարկով 20 միլիոն դրամ հիփոթեքային վարկի համար տասը տարի շարունակ, ամեն ամիս պետք է վճարել 286,95 հազար դրամ: Վերջնարդյունքում ամբողջ վարկի մարումը կկազմի 34,4 միլիոն դրամ: Միայն տոկոսային մասը կկազմի 14,4 միլիոն դրամ, կամ ընդհանուր գումարի 42 տոկոսը: Այս թվերի հետ ծանոթացողներից շատերը թերեւս երկար մտածեն հիփոթեք ձեւակերպելուց առաջ, քանի որ 34,4 միլիոն դրամով նույն Կենտրոնում հնարավոր է գնել 77 քառակուսի մետր տարածքով երկու սենյականոց բնակարան: Կարելի է եզրակացնել, որ հիփոթեքային վարկերից օգտվում են հարկադրաբար` այլ տարբերակ չունենալու պատճառով:
Անշարժ գույքի շուկայում ռուսական օպերատոր «Penny Lane Realty» ընկերության տվյալներով, հիփոթեքային վարկավորման պայմանների ցուցանիշով Հայաստանը 60 երկրների շարքում զբաղեցրել է 56-րդ տեղը: Հայաստանում հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը 15,9 տոկոս է` արեւմտյան զարգացած երկրների համեմատ մի քանի անգամ բարձր:
Այս անմխիթար տվյալների ֆոնին մեր բարձրաստիճան պաշտոնյաները թմբկահարում են հիփոթեքի ոլորտում ունեցած զգալի հաջողությունների մասին: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հպարտությամբ հայտարարում է, որ առեւտրային բանկերը 93,8 միլիարդի հիփոթեքային վարկ են տրամադրել: Դժվար չէ հաշվել, թե այդ միլիարդների մեջ ինչքան են կազմում քաղաքացիների գերավճարները եւ բանկերի գերշահույթները:




























