Իտալական մաֆիան շտապօգնության մեքենաների ազդանշաններն ու թարթող լույսերը արգելել է թմրավաճառների պատճառով. նրանք, իբր, չեն կարողանում ավարտել գործարքները գնորդների հետ, քանի որ բժիշկներին շփոթում են ոստիկանների հետ, հայտնում է The Times-ը:
Նեապոլում տեղի ունեցած վերջին միջադեպի ընթացքում մոտոցիկլետով երկու անհայտ անձինք հասել են շտապօգնության մեքենային, երբ նա գնալիս է եղել կանչի: Մաֆիոզիները սպառնացել են գնդակահարել վարորդին, եթե նա չանջատի ազդանշանը, եւ պնդել են, որ այն ընդհանրապես չպետք է օգտագործվի այդ շրջանում: Բժիշկները ստիպված զանգահարել են ոստիկանություն, որպեսզի հանգիստ հեռանան։
Շտապօգնության բժիշկ Մանուել Ռուջիերոյի խոսքով՝ նույնը տեղի է ունենում այլ շրջաններում: «Մենք արդեն հրահանգ ենք ստացել ազդանշաններ չօգտագործել Սանիտա եւ Տրայանո թաղամասերում, որտեղ տեղական շտապօգնության մեքենաները հատուկ ազդանշանները միացնում են միայն տարածքը լքելուց հետո»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, հիվանդների հարազատները նույնպես հարձակվում են շտապօգնության բրիգադների վրա՝ նրանց քննադատելով դանդաղկոտության մեջ: Այսպես, մաֆիայի հետ կապված միջադեպի պատճառով բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդին, որի սիրտը կանգնել է։ Թերթը նշում է, որ վերջին երեք տարվա ընթացքում Նեապոլում գրանցվել է բժիշկների դեմ ագրեսիայի 300 դեպք: Տեղի քաղաքական գործիչները խոստանում են պայքարել մաֆիոզ կլանների դեմ եւ իրավապահ մարմիններին խնդրում են պաշտպանել շտապօգնության վարորդներին:




























