«Ռոստեխ» պետական կորպորացիայի, ինչպես նաեւ դրա դուստր ձեռնարկությունների եւ ընկերությունների աշխատակիցների բոլոր կորպորատիվ եւ աշխատանքային զրույցները շուտով պետք է WhatsApp-ից մեկ այլ մեսենջեր տեղափոխվեն, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով աղբյուրը ռազմարդյունաբերական (ՌԱՀ) համալիրում:
Նրա խոսքով` որոշումը կայացվել է, քանի որ WhatsApp մեսենջերի ղեկավարությունը հայտարարել է գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխությունների եւ իր մայր ընկերությանը` Facebook-ին, օգտատերերի լրացուցիչ անձնական տվյալների փոխանցման մասին: «Ընդ որում, պետական կորպորացիայի եւ նրա ձեռնարկությունների աշխատակիցներին կշարունակվի թույլատրվել WhatsApp ունենալ անձնական հեռախոսում անձնական շփումների համար»,- հավելել է ՌԲԿ-ի զրուցակիցը:
ՌԲԿ-ի երկրորդ աղբյուրը պաշտպանական արդյունաբերությում հայտնել է, որ պաշտպանական արդյունաբերության աշխատակիցների կողմից աշխատանքային նպատակներով օտարերկրյա հավելվածների օգտագործման արգելքը միշտ էլ եղել է, սակայն ոչ բոլոր աշխատակիցներն են դրան պատշաճ ուշադրություն դարձրել: «Եվ այժմ, եւ մինչ այս պարզապես անհնար էր նույն WhatsApp-ը կամ Skype-տ տեղադրել աշխատանքային համակարգչում: Սակայն հաղորդակցման գործընթացներն արագացնելու եւ իրենց սեփական հարմարավետության համար շատ աշխատակիցներ չարտոնված կերպով օգտագործում էին Zoom, Skype եւ այլ հավելվածները»,- պարզաբանեց նա:
Ընդ որում, եթե մինչ համավարակը գրեթե բոլոր հանդիպումներն օֆլայն էին անցկացվում, ապա համավարակի ընթացքում մեծ մասն անցնում էր առցանց, նշել է ՌԲԿ զրուցակիցը: «Այս կապակցությամբ անվտանգության եւ հնարավոր արտահոսքի հետ կապված հարցերը սրվել են, եւ ղեկավարությունը որոշեց խստացնել արգելքները նոր կարգադրություններով»,- եզրափակել է նա:





























