Հայաստանում իրավիճակից ելքը կարող է լինել ոչ թե քաղաքական, այլ տնտեսական պահանջներով հանդես գալը, քանի որ ծրագիր չունեն ո՛չ իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը՝ լինի նա խորհրդարանական, թե արտախորհրդարանական:

Այս մասին Երեւանում «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցչական հանրահավաքում Մոսկվայից տեսահեռարձակման ժամանակ հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ խաղացողներից ոչ մեկը այդպես էլ որեւէ տնտեսական ծրագիր չի ներկայացրել: «Երկրորդ, ինձ ֆեմինիստ մի համարեք, քանի որ ես երբեք այդպիսին չեմ եղել եւ երբեք նման հիմարություններով զբաղվելու կարիք չեմ ունեցել, բայց այսօրվա դրությամբ, պայմանականորեն ասած, մայրերը, քույրերը եւ կանայք պետք է բողոքով դուրս գան փողոցներ: Հայաստանի կանանց կորպուսը դեռ կարող է ասել իր խոսքը. «Զզվել ենք: Մենք այլեւս սա հանդուրժել չենք կարող»,- նշեց Գեւորգյանը: