ԱՄՆ վարչակազմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր ամերիկացի հնարավորություն ունենա մինչեւ մայիսի 1-ը ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը ազգին հղած իր առաջին ուղերձում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Բայդենը հայտարարել է COVID-19 համավարակի դեմ պայքարի նոր փուլի մեկնարկի մասին եւ ասել, որ երկիրը կմոտենա «բնականոն կյանքը» վերականգնելուն՝ այնպիսի, ինչպիսին համավարակից առաջ էր, չորս ամիս անց, մինչ ԱՄՆ Անկախության օրը, որը նշվում է հուլիսի 4-ին:
Հունվարի 21-ից հետո, երբ նախագահը հայտարարել էր համավարակի դեմ պայքարի նոր համապարփակ ռազմավարության մասին, յոթ շաբաթում ԱՄՆ բնակիչները ստացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ավելի քան 81 միլիոն դեղաչափ: Ջո Բայդենն այսօր ընդհանուր գծերով նկարագրել է համավարակը հաղթահարելու իր ռազմավարության նոր փուլը:
Բայդենը խոստացել է, որ իր վարչակազմը առաջիկա շաբաթներին ամեն ինչ կանի, որ մայիսի 1-ից ոչ ուշ յուրաքանչյուր չափահաս ամերիկացի պատվաստման իրավունք ունենա: Միացյալ Նահանգների բոլոր նահանգների, տարածքների եւ համայնքային իշխանություններին կտրվեն համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ:
Ի հավելումն պատվաստանյութերի մատակարարումների աճին, Բայդենի վարչակազմը կմեծացնի այն վայրերի թիվը, որտեղ ամերիկացիները կարող են պատվաստվել. իշխանություններն առաջիկայում պատվաստանյութերի միլիոնավոր դեղաչափեր կմատակարարեն հանրային առողջապահության 950 կենտրոններ, ավելի քան 20 հազար դեղատներ, ինչպես նաեւ զանգվածային պատվաստման գրեթե 600 դաշնային կենտրոններ, որոնք տեղակայված են արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA), պաշտպանության նախարարության եւ այլ դաշնային գերատեսչությունների ենթակայության տակ` նահանգային իշխանությունների հետ համագործակցությամբ:
Վարչակազմը նաեւ կբարձրացնի որակյալ մասնագետների թիվը, ովքեր ունակ են պատվաստումներ իրականացնել, օրինակ՝ ատամնաբույժներն ու բժշկական քոլեջի ուսանողները պատվաստումներ կատարելու իրավունք կստանան: Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը հատուկ վեբկայքեր կբացի կամավորների համար, որոնք ցանկանում են օգնել COVID-19-ի դեմ ամերիկացիներին պատվաստելու արշավի անցկացմանը:
Եվս մեկ կայք ԱՄՆ բնակիչներին կօգնի գտնել մերձակա պատվաստման կետերը: Դրանից բացի, համացանցին հասանելիություն չունեցող ամերիկացիները կարող են զանգահարել մասնագիտացված քոլ-կենտրոններ, որոնք հանձնարարականներ եւ օգնություն կտրամադրեն պատվաստումների կետերի որոնման հարցում:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) հստակ հրահանգներ են թողարկելու մարդկանց համար, որոնք արդեն ամբողջական պատվաստում են ստացել:
Վարչակազմի եւս մեկ առանջնահերթությունն է դպրոցների բացումը, շեշտել է Բայդենը: Նախօրեին ընդունված «Ամերիկայի փրկության ծրագրի» շնորհիվ առաջիկայում կրթության նախարարությունը կսկսի գրեթե 130 մլրդ դոլար բաշխել ամբողջ երկրում դպրոցներ բացելու համար:
Միջոցները կծախսվեն նաեւ աշակերտների եւ ուսումնական հաստատությունների աշխատակիցների թեստավորման ընդլայնման համար, ինչպես նաեւ մանկավարժներին պատվաստելու համար, որոնք պատվաստման համար բնակչության առաջնահերթ կարգերի թվում են:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ իշխանությունները կշարունակեն պայքարել COVID-19-ի մուտացիաների եւ դրանց տարածման դեմ: 1,75 մլրդ դոլար կծախսվի վիրուսի նմուշների սեքվենիրացման ծրագրի վրա` հիվանդության ընթացքը ծանրացնող կամ կորոնավիրուսի վարակելիությունը մեծացնող մուտացիաները հայտնաբերելու եւ դրանց դեմ պայքարելու համար:





























