«Սեվերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի եւ նրա ընտանիքի կարողությունը հասել է 30 միլիարդ դոլարի, վկայում են Forbes Real-Time-ի տվյալները: Մորդաշովը պատմության մեջ երկրորդ ռուս գործարարն է դարձել Վլադիմիր Պոտանինից հետո, ում կարողությունը գնահատվել է նման գումարով, գրում է Forbes-ը:

Ուրբաթ Մոսկվայի բորսայում «Սեվերստալ»-ի բաժնետոմսերը թարմացրել էին իրենց պատմական առավելագույնը: Աճուրդների ընթացքում դրանց արժեքը հասել էր 1414.4 ռուբլու, ինչը 4.2 տոկոսով բարձր է նախորդ աճուրդների փակման գնից: Ընկերության արժեթղթերն ամսվա սկզբին մոտենում էին իրենց առավելագույնին, սակայն մարտի 4-ին կտրուկ անկում ապրեցին 3 տոկոսով, մինչ մարտի 9-ը դրանք հասան 1315.6 ռուբլու մակարդակի: Բարձրանալ դրանք սկսեցին ներդրողի օրից առաջ, որն ընկերությունն անցկացրեց մարտի 11-ին:

Վերջերս գրանցված անկումը պայմանավորված էր նյարդայնությամբ ներդրողների օրվա նախօրեին՝ 2021 թվականի համար վատ կանխատեսումների պատճառով: Forbes-ի հետ զրույցում ասել է ՎՎՎԳ-ի կայուն զարգացման ռիսկերի գնահատման խմբի ղեկավար Մաքսիմ Խուդալովը: Ներդրողի օրը «Սեվերստալ»-ը, հայտնել էր, որ Ռուսաստանում պողպատի պահանջարկի 3.1 տոկոս աճ է ակնկալում այս տարի: Ըստ ընկերության պրեզենտացիայի՝ 2020-2023 թվականների միջին պահանջարկի տարեկան աճը կարող է 2.6 տոկոս կազմել:
 «Սեվերստալ»-ի բաժնետոմսերի աճի վրա ազդել է նաեւ հրաժարումը Սուրգուտի շրջանում նավթային սորտամենտի եռակցված խողովակների արտադրության գործարանի կառուցումից, ասում է Խուդալովը: Ընկերությունը նախատեսում էր նախագիծն իրականացնել իտալական Tenaris-ի հետ համատեղ, ներդրումները 240 միլիոն դոլար էին գնահատվում:

Ըստ Forbes Real-Time-ի՝ Մորդաշովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակի առաջին տեղը. փետրվարի վերջին նա այդ հորիզոնականում փոխարինեց նախորդ առաջնորդ Պոտանինին, որի կարողությունը կրճատվել էր «Նորնիկել»-ի բաժնետոմսերի անկման պատճառով վթարների ֆոնին: Մարտի 12-ին վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցնող Պոտանինի կարողությունը 28.2 միլիարդ դոլար է գնահատվել:

Ալեքսեյ Մորդաշովն ունի յոթ երեխա. ավագ որդին առաջին ամուսնությունից, որդիներ Կիրիլը եւ Նիկիտան՝ երկրորդ ամուսնությունից եւ եւս մեկ որդի եւ երեք դուստր՝ երրորդ ամուսնությունից: 2019 թվականին նա բաժնեմասեր էր տվել Կիրիլին եւ Նիկիտայի բիզնեսում՝ ոսկու արդյունահանման Nordgold ընկերությունում եւ TUI տուրօպերատորում: Մորդաշով ավագը դա բացատրում էր իր որդիներին գործի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ եւ նրանով, որ նրանք պետք է փորձ ձեռք բերեն ակտիվների պորտֆելի կառավարման ոլորտում: