Մասնավոր հատվածում արտադրողականության աճի համեմատ անվանական աշխատավարձերն ունեն փոքր-ինչ առաջանցիկ աճ:

Նման եզրակացություն է տեղ գտել ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ: Ըստ այդմ`աշխատավարձերի առաջանցիկ աճն առաջացնում է նաեւ թույլ գնաճային ճնշում, որոնք չեզոքացվում են ծախսումների դանդաղ աճով եւ զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Բավականին հետաքրքիր դիտարկում է, որն այնքան էլ չի բխում պաշտոնական վիճակագրությունից: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` անվանական աշխատավարձերը Հայաստանում այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել են ընդամենը 5.1 տոկոսով եւ կազմել միջինը 111.5 հազ. դրամ: Այսինքն` անվանական աշխատավարձերի աճը զիջում է գնաճի տեմպին, որը ապրիլի դրությամբ 9 տոկոսի շրջանում է: Հետեւաբար` կարծես թե հիմքեր չկան խոսել աշխատավարձի աճից առաջացող գնաճային ճնշումների մասին: Ընդհակառակը` մենք գործ ունենք իրական եկամուտների նվազման հետ, քանի որ աշխատավարձերի 5.1 տոկոս աճի պարագայում տեղի է ունեցել գնողունակության անկում: Ճիշտ է` դոլարային գնահատմամբ աշխատավարձերը ավելի մեծ աճ ունեն, քան դրամային արտահայտմամբ: Օրինակ` 2010 թ. ապրիլին միջին աշխատավարձը համարժեք էր 265 դոլարին, այս տարվա ապրիլին` մոտ 300 դոլար է: 

Հետաքրքիր է, որ տնտեսությունում միջին աշխատավարձերն աճում են ոչ համարժեք: Եթե գյուղատնտեսությունում միջին աշխատավարձերը նվազել են, ապա մի շարք այլ ոլորտներում դրանք արձանագրել են զգալի աճ: Օրինակ` ֆինանսական եւ ապահովագրական ոլորտում միջին աշխատավարձն աճել է 13.3 տոկոսով եւ կազմում է մոտ 327 հազ. դրամ: Սա աշխատավարձի ամենաբարձր մակարդակն է Հայաստանում, ու հենց այս ոլորտում էլ արձանագրվում է աշխատավարձի ամենաբարձր աճը: Ի դեպ` միջին աշխատավարձը Կենտրոնական բանկում նույնպես ամենաբարձրերից մեկն է եւ գերազանցում է ամսական 400 հազ. դրամը: Ըստ այն մեթոդաբանության, որով ԿԲ-ն գնահատում է գնաճային ճնշումները, հենց այդ գերատեսչությունն էլ ամենաշատն է նպաստում գնաճին:

Ընդհանրապես` դեռ տնտեսագիտորեն պետք է ապացուցել, որ աշխատավարձի աճը գնաճային ճնշում է առաջացնում, անգամ եթե այդ աճն ավելի առաջանցիկ է արտադրողականության աճից: Օրինակ` աշխատավարձի աճ կարող է տեղի ունենալ ռեսուրսների ավելի արդարացի բաշխման հետեւանքով, ասենք` գերշահույթների նվազման հաշվին: Այդ դեպքում` գնաճային ճնշում կառաջանա միայն փոքր խումբ ապրանքների նկատմամբ, սակայն մակրոտնտեսական մասշտաբով նման ճնշում լինել չի կարող: Աշխատավարձի աճը գնաճային ճնշում է առաջացնում այն դեպքերում, երբ զուգահեռ պահանջվում է դրամային զանգվածի աճ (լրացուցիչ փող` աշխատավարձի աճը ֆինանսավորելու նպատակով): Ուստի ԿԲ մասնագետներին խորհուրդ կտաինք այսուհետ ավելի զգույշ լինել աշխատավարձերի աճի մակրոտնտեսական հետեւանքների մասին գնահատականներ հնչեցնելիս, ու ներկայացնել ավելի հիմնավոր վերլուծություններ:

 

Սամվել Ավագյան