Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից հողային շահարկումների հետ կապված սկանդալի համար, որում հայտնվել էին պետական սեփականություն հանդիսացող Land and Housing Corporation-ի աշխատակիցները: Պետության ղեկավարը համապատասխան հայտարարություններով հանդես է եկել երեքշաբթի օրը՝ բացելով կառավարության ամենշաբաթյա նիստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես շատ ցավում եմ, որ այս սկանդալը բռնկվել է, որի պատճառով մարդիկ հուսահատության եւ հիասթափության ուժեղ զգացում ունեցան»,- ասել է Մուն Չժե Ինը: Այս կապակցությամբ նա խոստացել է ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը քաղծառայողների շրջանում:
«Անշարժ գույքի հետ կապված արմատացած չարիքի վերացումը շրջադարձային պահ կդառնա ավելի արդար հասարակություն կառուցելու ճանապարհին»,- ասել է նախագահը: Նա նաեւ մատնանշել է պետական հիմնարկների հիմնարար բարեփոխման անհրաժեշտությունը՝ սկսելով քաղաքացիական ծառայողների էթիկական չափանիշների բարձրացումից:
Ինչպես պարզվել էր ավելի վաղ, Ազգային հողային եւ բնակարանային կորպորացիայի առնվազն երկու տասնյակ աշխատակիցներ չմշակված հողատարածքներ էին ձեռք բերել մայրաքաղաքային մարզում՝ ծառայողան տեղեկատվության տիրապետելով այն մասին, որ դրանց վրա լայնածավալ շինարարություն է նածատեսվում: Սկանդալը սրվեց նրանով, որ վերջին տարիներին հանրապետության բոլոր մարզերում բնակարանների գներն ու վարձավճարները կտրուկ աճել են:





























