Դժվար է միանշանակ պատասխանել՝ արդյոք բնացահայտվե՞լ է Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի վրա հարձակման վերաբերյալ գործը, թե՞ ոչ, քանի որ դեռեւս նախաքննություն է ընթանում: Այս մասին մարտի 16-ին Ազգային ժողովում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը՝ պատասխանելով իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին:

Նրա խոսքով՝ այս հարցին բավականին դժվար է պատասխանել: «Պատասխանը պայմանավորված կլինի նախաքննության ավարտով՝ ե՛ւ կատարողների մասով, ե՛ւ պատվիրատուների մասով: Հիմա չեմ կարող միանշանակ պատասպխանել այդ հարցին»,- ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 10-ի գիշերը, կապիտուլյացիայի մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրելուց հետո, մի խումբ վրդովված անձինք կանգնեցրել էին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի մեքենան եւ նրան ծեծել: