Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը չի բացառել այս տարի հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը: Նրա խոսքերով, դա կախված է նրանից, թե որքանով կողմերը կհարգեն պայմանավորվածություններն ու առաջ կգնան: «Հայաստանը հարգում է այլ երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտարարել է նախարարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները կվավերացնեն Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունները՝ ողջամիտ ժամկետներում:

Նրա խոսքերով, հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ, որը անցած տարվա սեպտեմբերին Հայաստան հրավիրեց իր թուրք գործընկերոջը՝ ֆուտբոլ դիտելու: «Այդ պահից էլ սկսվեցին բանակցությունները, կայացան Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների 10-ից ավելի հանդիպումներ: Փետրվարին արձանագրությունների վերաբերյալ բանակցություններն ավարտվեցին, իսկ ապրիլի 2-ին նախաստորագրվեցին: Օգոստոսի 31-ին Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին, որ վեց շաբաթվա ընթացքում ներքաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն՝ հասնելու արձանագրությունների ստորագրմանն ու հետագա վավերացմանը»,- մանրամասնել է նախարարը: