Թայվանի պաշտպանության նորանշանակ նախարար Չիու Գո-չենը չի բացառել, որ Չինաստանը կարող է պատերազմ սկսել: «Նրանք ընդունակ են պատերազմ սկսել»,- ասել է նա խորհրդարանում իր ելույթի ժամանակ, երբ մի պատգամավոր հարցրել է՝ կարող է արդյոք Չինաստանը հարձակվել Թայվանի վրա: «Իմ նպատակն է միշտ պատրաստ լինել»,- հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թայվանն ավելացրել է անձնակազմի եւ զենքի քանակն Իտու Աբայում՝ Հարավային Չինաստանի ծովում գտնվող Թայվանի գլխավոր կղզում: Իտու Աբան, որը հայտնի է նաեւ որպես Թայփինի կղզի, ամենամեծ բնական կղզին է եւ այնտեղ է գտնվում Թայվանի առափնյա պահպանության կայազորը:

Նախարարը նշեց, որ Չինաստանի «էքսպանսիոնիզմի» պատճառով Թայվանն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում՝ չնայած ներկայումս մշտական ​​բանակային կայազորը վերադարձնելու հարցը չի քննարկում:

Նա նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները հաստատել են Թայվանի սուզանավային նավատորմի համար անհրաժեշտ բոլոր զգայուն սարքավորումների արտահանման թույլտվությունները, որի կառուցումը սկսվել էր անցյալ տարի:

Նա հավելել է, որ Թայվանի կողմից զենքի գնումների վրա Միացյալ Նահանգներից՝ կղզու զենքի հիմնական աղբյուրից, Բայդենի նոր վարչակազմը չի ազդել, եւ դրանք շարունակվում են: