Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է տագնապալի տեմպերով: Համենայն դեպս, այդ մասին վկայում է պաշտոնական վիճակագրությունը: 2020 թվականի մարտի 16-ին իշխանությունն արտակարգ դրության ռեժիմ սահմանեց: Այդ օրը Հայաստանում գրանցվել էր վարակման 30 դեպք: Մարտից հունիս ամիսներին փակ էին գրեթե բոլոր օբյեկտները, բացառությամբ՝ մթերային խանութների: Չէր աշխատում հասարակական տրանսպորտը, սպասարկման ոլորտը:
Հունիս-հուլիս ամիսներին գործում էին ամենախիստ արգելքները: Չնայած շոգ եղանակին՝ փողոցում պարտադիր էր դիմակ կրելը: Խախտման համար տուգանքը կազմում էր 10 հազար դրամ: Սեփական մեքենայում՝ ընտանիքի անդամների հետ, պարտադիր էր դիմակ կրելը: Մայր ու երեխա չէին կարող առանց դիմակի լինել մեքենայի մեջ: Դրա համար նույն տուգանքն էր՝ 10 հազար դրամ, չնայած նրան, որ համատեղ բնակության վայրը պարզելը դժվար չէր: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Հայաստանում օրական գրանցվում էր 350-450 դեպք:
2021 թվականի մարտի 16-ին Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակման 585 նոր դեպք՝ 19 անգամ ավելի, քան արտակարգ դրության հայտարարման պահին: Մեկ օրում մահացել է 12 պացիենտ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսը խլել է երկրի 3277 բնակչի կյանք: Անվտանգության գրեթե բոլոր միջոցառումները մոռացված են:
Չնայած առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ մտածելու կոչերին՝ ո՛չ քաղաքացիները, ո՛չ կոմպետենտ մարմինները չեն շտապում լսել: Թույլ փորձ է արվել կարգի բերել հասարակական տրանսպորտը: Չգիտես ինչու՝ ոչ ոք չհիշեց խանութների մասին: Չնայած փորձագետները միաբերան ասում են, որ վիրուսի փոխանցման հիմնական ուղին փակ տարածքում սերտ շփումն ու հերթերն են: Որպես անվտանգության միջոց պետք է կրել բժշկական կամ կտորե դիմակներ կամ էլ շարֆեր եւ հեռավորություն պահպանել:
Թվում է, թե խանութների սեփականատերերին քիչ է հետաքրքրում իրենց սեփական աշխատողների ու գնորդների առողջությունը: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել այս ամենը: Եթե պանդեմիայի սկզբում փորձ էր արվում գոհացնել պարետատանն ու կարգի բերել դրամարկղերի մոտ հերթերը, ապա հիմա դա էլ չի արվում: Մուտքերի վրա միայն ձեւական գրված է՝ «մուտքը միայն դիմակով»: Իսկ իրականում ոչ ոք այցելուներից չի պահանջում դիմակ կրել: Ե՛վ սպասարկող անձնակազմը, եւ՛ վաճառողները կամ առանց դիմակի են, կամ դիմակը ձեռքին, քթի տակ, ամենուր՝ բացի այն տեղից, ուր պետք է այն գտնվեր:
Հենց նման պատկերի NEWS.am-ի թղթակիցն ականատես եղավ «ԷՐՄԻԷԼ» ցանցի խանութներից մեկում. հերթեր, միայն մեկ աշխատող դրամարկղ, վաճառողներն ու գնորդներն առանց դիմակի, կամ էլ դիմակը վերոնշյալ ձեւով դրած:
Այդ տեսարանի նկատմամբ մենեջերի ուշադրությունը գրավելու փորձը ոչ միայն անհաջողությամբ պսակվեց, այլ նաեւ արժանացավ դիմակայության: Մենջերը կամ էլ մենեջեր ներկայացած անձը հրաժարվեց սրահ դուրս գալ՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված աշխատում է: Դրա փոխարեն խնդրեցին անցնել մի փոքրիկ սենյակ, որտեղ երեք աշխատող կար, բնականաբար, առանց դիմակի: Զրույցի ողջ ընթացքում «մենեջերը» նստած էր՝ չնայած նվազագույն դաստիարակությունը պահանջում է, որպեսզի տղամարդը կանգնի, երբ կին է դիմացը կանգնած: «Մենեջերի» խոսքով՝ գնորդների պահվածքի համար ինքը պատասխանատվություն չի կրում, եւ իրավիճակն ավելի ուշ կուսումնասիրի:
Անկախ նրանից, թե արդյոք մարդը հավատում է կորոնավիրուսի գոյությանը, թե՝ ոչ, կամ էլ մտածում է, թե դա Ամերիկայի, Չինաստանի, այլմոլորակայինների կամ էլ ինչ-որ մեկի դավադրություններն են, դա իր սեփական գործն է: Իր բնակարանում՝ այլ մարդկանցից հեռու, նա ազատ է իր ցանկություններում, իհարկե, քրեական օրենսգրքի շրջանակներում: Իսկ խանութը չի դիտարկվում որպես մասնավոր տարածք՝ «ինչ ուզեմ՝ այդպես էլ կանեմ»-ի տեսանկյունից: Իսկ ահա ձեռնարկատիրական գործունեությունը՝ կապված սպասարկման ոլորտի հետ, սեփականատիրոջը պարտավորեցնում է վերահսկել աշխատանքի կազմակերպումը: Պանդեմիայի նոր ալիքի ֆոնին վարակվածների թվի ամենօրյա աճի պայմաններում անփույթ վերաբերմունքը պարզապես անթույլատրելի է: Խանութ մտնելով՝ գնորդն իրավունք ունի հարգալից վերաբերմունք պահանջել, իսկ գնորդի առողջության պաշտպանության համար պայմանների ապահովումը տնտեսվարող սուբյեկտի անմիջական պարտավորությունն է:
Վերջում կցանկանայինք բոլորին պինդ առողջություն մաղթել, իսկ խանութների սեփականատերերին եւ մասնավորապես «ԷՐՄԻԷԼ» ցանցին՝ մանրակրկիտ մոտենալ անձնակազմի ընտրության հարցին:





























