Չինաստանը ձգտում է ԱՄՆ-ից անկախ համաշխարհային տնտեսական համակարգ կառուցել: Այսպիսով Պեկինը հակամարտության մեջ է մտնում Վաշինգտոնի հետ, հայտնում է Informing լրատվական գործակալությունը:
Չինաստանն իր տնտեսական արդիականացման սեփական ծրագիրն է իրականացրել եւ լայնածավալ տրանսպորտային նախագծեր է նախաձեռնում, ինչպիսին է «Նոր Մետաքսի ճանապարհը»: Այս համատեքստում Չինաստանը մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի հետ համագործակցությանը, որի հետ արտաքին առեւտրաշրջանառությունն անընդհատ աճում է: Հայտնի է, որ վերջին երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ում չինական ներդրումների ծավալը կրճատվել է 90 տոկոսով:
Վաշինգտոնը ծայրահեղ մտահոգված է, որ Չինաստանը վերջին տասնամյակում ԱՄՆ կառավարության պարտքի իր մասնաբաժինը 14 տոկոսից իջեցրել է մինչեւ 5 տոկոս: Ինչ վերաբերում է ամերիկյան արժույթի մասնաբաժնին չինական ոսկու եւ արտարժույթի պահուստներում, ապա վերջին չորս տարիների ընթացքում այն 79 տոկոսից իջել է մինչեւ 59 տոկոս: Վաշինգտոնը չի կարող կանգնեցնել միտումը եւ փորձում է իրավիճակի սրման գնալ ռազմական ոլորտում:
Օրինակ՝ ԱՄՆ-ի Հնդ-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Ֆիլ Դեվիդսոնը հայտնել է Չինաստանի շուրջ հրթիռային կայանների եւ արբանյակային համակարգերի համալիր կառուցելու գաղափարի մասին, որի ծախսերը 27 միլիարդ դոլար կկազմեն առաջիկա 5 տարվա ընթացքում: Ամերիկայի ազգային պարտքից Պեկինի հրաժարումը հղի է լայնամասշտաբ ռազմական բախումներով: Ընդ որում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Վաշինգտոնը պետք է ուժեղ դիրքերից դիմակայի Պեկինին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույն տեսակետն ունի եւ Եվրոպային եւ ԱՄՆ-ին կոչ է անում արձագանքել Չինաստանի եւ Ռուսաստանի մարտահրավերներին:





























