Աշխարհին սպասում է պատերազմ «բոլորը բոլորի դեմ»: Մարտի 17-ին «Ուկրաինա 24»-ի եթերում այսպիսի կարծիք է հայտնել Դոնբասում հակամարտության կարգավորման եռակողմ շփման խմբում (ԵՇԽ) ուկրաինական պատվիրակության խոսնակ Ալեքսեյ Արեստովիչը:
«Հիմա մենք ապրում ենք աշխարհում, որտեղ տեղեկատվական իրադարձությունը կարող է ավելի մեծ կշիռ ունենալ, քան իրադարձությունը ճակատում: Ինձ թվում է՝ աշխարհը շարժման մեջ է, եւ մենք առնվազն մինչեւ 2035 թվականը գործ ենք ունենալու գորշ գոտիներում բոլորը բոլորի դեմ պատերազմի հետ: Եվ Ուկրաինան՝ որպես երկիր, որը գտնվում է աշխարհաքաղաքական սալերի բեկման, դարաշրջանների բեկման վրա, դա չի շրջանցի»,- ասել է նա:
ԵՇԽ-ում ուկրաինական պատվիրակության խոսնակի խոսքով՝ «սա ուկրաինա-ռուսական առաջին պատերազմը չէ եւ, ցավոք, ոչ վերջինը», փոխանցում է Gordon պորտալը:
«Կան պոտենցիալ հակամարտություններ եւ այս հակամարտությունից դուրս: [...] Մեր առջեւ ծառացած է ռազմավարական խնդիր՝ այնքան ուժեղ դառնալ, որպեսզի պոտենցիալ ագրեսորը հասկանա, որ Ուկրաինան նվաճելը թանկ է, որպեսզի ռազմական սցենարները չդիտարկվեն, եւ նրանք գործեն տեղեկատվական, դիվանագիտական, տնտեսական ճանապարհներով»,- կարծում է Արեստովիչը:
Նա շեշտել է, որ դա «նաեւ վտանգավոր է, բայց սա նոր հակամարտություն չէ»:





























