Մենք ռուս-թուրքական, այսինքն այն պետությունների հարաբերությունները, որոնք միմյանց միջեւ ունեցել են 13 պատերազմ, պետք է ներկայացնենք պատմական արդարության տեսանկյունից: Ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Այս մասին մարտի 18-ին Երեւանում կայացած կլոր սեղանի ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը։
Մեկնաբանելով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը՝ Միրզախանյանը շտապեց նշել, որ այս կամ այն երկրներում դիվանագետները չեն կարող որեւէ կտրուկ հայտարարություն անել, քանի որ նրանք սահմանափակված են իրենց մասնագիտության համապատասխան լիազորություններով եւ առանձնահատկություններով:
«Մենք գիտենք եւ հիանալի գիտենք, թե վարքի ինչ ձեւ են ցուցաբերում ամենաբարձր աստիճանի դիվանագետները՝ պետության ներկայացուցիչները այն պետությունում, որտեղ նրանք հավատարմագրված են: Մենք պետք է ասենք ամբողջ ճշմարտությունը»,- հայտարարեց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր պետություն հետապնդում է իր շահերը, եւ այդ շահերը կարող են հակասել այլ պետությունների շահերին, այդ թվում` երբեմն իրենց պատմական դաշնակիցների շահերին:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Երխովը բավականին ռեզոնանսային հայտարարություն էր արել: Դեսպանի հայտարարության տեքստում, մասնավորապես, ասված է. «Հարգելի ընկերներ, անցյալ շաբաթ ներկա գտնվելով «Աքքույու» աէկի երրորդ էներգաբլոկում աշխատանքները սկսելու արարողությանը՝ մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Էրդողանի նախագահությամբ, ես մտածում էի Մոսկովյան պայմանագրի մասին՝ չէ որ հենց այդ ժամանակ մեր ժողովուրդները ամուր հիմք դրեցին բարեկամության եւ համագործակցության այն հարաբերությունների համար, որոնք այսօր այդքան երջանիկ զարգանում են»:





























