Դավանանքի միջազգային ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) այսօր զեկույց է հրապարակել 2020 թվականին Ադրբեջանում դավանանքի վիճակի մասին, որն ընդգրկում է 2019 թվականի հունվարից ընդհուպ 2019 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածը:

USCIRF զեկույցի համաձայն՝ 2019 թվականին Ադրբեջանում դավանանքի ազատության հետ կապված իրավիճակը դրականորեն փոխվել է այն բանի հաշվին, որ պետությունն ընդհանուր առմամբ դադարեցրել է կրոնական համայնքների անդամների շուրջկալները եւ գործնականում հրաժարվել է քաղաքացիներին ձերբակալելու ու տուգանելու իր վաղեմի պրակտիկայից՝ կրոնական ծեսերի չարտոնված խաղաղ անցկացման կամ համոզմունքների արտահայտման պատճառով:

«2019 թվականի մարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման էր արձակել ներման մասին, ինչը հանգեցրել էր 51 բանտարկյալների ազատմանը, որոնք կալանավորվել էին քաղաքական եւ կրոնական պատճառներով: Եվս մեկ դրական առաջընթաց է այն, որ մեկ տարում Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեն գրանցում է տրամադրել 31 մուսուլմանական եւ 3 քրիստոնեական համայնքների: Տարվա ընթացքում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը եւ այլ կառավարական պաշտոնյաներ շարունակել են դավանանքի ազատության հարցերում սերտորեն համագործակցել USCIRF-ի հետ:

Չնայած այս բարելավումներին, կառավարությունը շարունակել է բոլոր կրոնական համայնքներին ու նրանց գործունեությունն անարդարացիորեն վերահսկել եւ հսկողություն իրականացնել: Պետական ծառայողները, ինչպես նախկինում, կրոնական ծեսերի անցկացումը կանոնակարգել ու սահմանափակել են 2009 թվականի «Դավանանքի ազատության մասին» օրենքի եւ Վարչական օրենսգրքի ու Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հիման վրա: Բացի այլ սահմանափակումներից, այս օրենքով նախատեսված է կրոնական համայնքների կողմից պետական գրանցում ստանալու պարտավորություն, առանց գրանցման ցանկացած կրոնական գործունեություն պատժվում է, բոլոր համայնքների համար կրոնական գործունեության իրականացման հնարավորություն բացառապես իրենց գրանցված իրավաբանական հասցեներով, ինչպես նաեւ պետությունից իրենց արտադրանքի, ներկրման, արտահանման, տարածման եւ վաճառվող կրոնական գրականության բովանդակության եւ թույլտվության հաստատում ստանալու անհրաժեշտություն:

Արդյունքում քրիստոնեական համայնքները եւ առանձին անձինք հայտարարել են իրենց կրոնական գործունեության սահմանափակման կամ որոշ ծեսեր գաղտնի անցկացնելու մասին՝ վախենալով պետության կողմից պատժիչ միջոցառումներից: Չնայած Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորվում է այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը, եթե պարտադիր զինծառայությունը հակասում է մարդու համոզմունքներին, պետությունը չի ապահովում այլընտրանքային ծառայության տարբերակներ եւ անցյալում հետապնդել է Եհովայի վկաներին կրոնական համոզմունքների համաձայն զինծառայությունից հրաժարվելու իրենց իրավունքի իրականացման պատճառով՝ այս մարդկանց մեղադրելով «զինվորական պարտականությունից խուսափելու» մեջ:

Դրանից բացի, որոշ տեղեկություններով՝ կառավարությունը Եհովայի վկաների մի քանի անդամների արգելում է երկրից դուրս գալ՝ նրանց իրավական պաշտպանության ոչ մի հստակ միջոց չտրամադրելով՝ տվյալ որոշումները վիճարկելու կամ բողոքարկելու համար: Ադրբեջանում շարունակվում են առանձին անձանց կալանավորումները՝ նրանց կրոնական գործունեության պատճառով: Երկրում քաղբանտարկյալների վիճակին հետեւող հասարակական կազմակերպությունների տվյալներով՝ տարեվերջին կալանավորված էին կրոնական կազմակերպությունների 45 ակտիվիստներ:  Շիա իմամ Սարդար Բաբաեւը արտասահմանում կրոնական կրթություն ստանալուց հետո իսլամական ծեսեր անօրինականորեն անցկացնելու պատճառով 2017 թվականին դատապարտվել է եւ բանտարկված եղել մինչեւ 2019 թվականի վերջը: Ադրբեջանում խղճի բանտարկյալներ են մեծ մասամբ «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամները: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2019 թվականի զեկույցում, մասնավորապես, նշվում է շարժման առաջնորդներ Թալեհ Բագիրզադեի եւ Աբաս Հուսեյնովի կալանավորման մասին, ինչպես նաեւ այն փաստը, որ նրանք եւ շարժման հետ կապված այլ անձինք հայտարարել են իրենց նկատմամբ խոշտանգումների մասին: 2019 թվականի սկզբին «աննախադեպ ճնշումներին» ի պատասխան՝ Բագիրզադեն եւ Հուսեյնովը հացադուլ էին հայտարարել, եւ որոշ տեղեկություններով՝ զրկված էին փաստաբանների եւ ընտանիքների հետ շփվելու հնարավորությունից:

Ըստ տեղացի իրավապաշտպանների հայտարարությունների՝ 2018 թվականին Գյանջա քաղաքում անկարգություններիր պատճառով տասնյակ կալանավորումներ են կատարվել «հավատացյալների դեմ բռնաճնշումների նախաձեռնության» շրջանակում, իրավապաշտպանները նաեւ մտահոգություն են հայտնել այն հանգամանքով, որ կալանավորվածներին կարող են խոշտանգել»,- նշված է զեկույցում:

Այսպիսով, Դավանանքի ազատության հարցերով միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը ԱՄՆ կառավարության համար առաջ է քաշել հետեւյալ հանձնարարականները.

• Ադրբեջանը ներառել ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ հսկողության ցուցակի մեջ դավանանքի ազատության կոպիտ խախտման կամ Դավանանքի ազատության միջազգային օրենքով (IRFA) նախատեսված իրավունքի խախտումը խրախուսելու պատճառով:

• Համագործակցել Ադրբեջանի կառավարության հետ`«Դավանանքի ազատության մասին» 2009 թվականի օրենքը մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ 2012 թվականի հանձնարարականներին համապատասխանեցնելու հարցում:

• Համագործակցելով միջազգային գործընկերների հետ՝ օժանդակել Ադրբեջանի կառավարությանը ստեղծելու այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություններ եւ կարգավորելու կրոնական կամ այլ համոզմունքներով զինծառայությունից հրաժարվելու հարցը Եվրոպայի խորհրդի առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ ստանձնած պարտավորություններին եւ Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:   

ԱՄՆ Կենգրեսը պետք է՝

• անցկացնի հանրային լսումներ՝ Ադրբեջանում դավանանքի ազատության իրավունքի եւ մարդու այլ իրավունքների խախտումները հետաքննելու համար, ներառյալ՝ «Մուսուլմանական միասնություն» շարժման դեմ գործողությունները, համապատասխան մտահոգություններ հայտնի անմիջապես Ադրբեջանի դեսպանատանը եւ կառավարության այլ պաշտոնյաներին եւ պաշտպանի բոլոր խղճի բանտարկյալներին: