Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է Եվրամիությունից AstraZeneca-ի պատվաստանյութի արտահանման արգելք մտցնելու հնարավորության մասին։ Ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համաձայնեցված քանակի միայն մի մասն է մատակարարել համայնքի երկրներին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք հնարավորություն ունենք արգելել պլանային արտահանումը: Սա ուղերձ է AstraZeneca-ի համար՝ դու նախ կատարում ես քո պայմանագիրը Եվրոպայի հետ, որից հետո սկսում ես առաքումներ այլ երկրներ»,- Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նախազգուշացրել է ֆոն դեր Լյայենը:

ԵՀ ղեկավարն ընդգծել է, որ առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ երկրներին մատակարարել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի համաձայնեցված ծավալի միայն 30%-ը: Մինչդեռ, ինչպես նշել է ֆոն դեր Լյայենը, ԵՄ մի շարք երկրներում այժմ համավարակի երրորդ ալիքն է սկսվում: