Չինաստանը հեշտացնում է օտարերկրացիների մուտքը երկիր: Բայց կա մեկ պայման՝ նրանք կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութերով պետք է պատվաստվեն, հայտնում է CNN-ը:
Անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում չինական առնվազն 23 դեսպանատներ, այդ թվում` ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում՝ այն վայրերում, որտեղ չինական պատվաստանյութը հասանելի չէ, այս պայմանով նոր վիզային քաղաքականություն են թողարկել:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ քայլը նպատակ ունի «համակարգել» միջազգային ուղեւորությունները, եւ որ ժամանելուն պես պատվաստված ճանապարհորդները նախկին պես կարանտի մեջ կմնան՝ պետության վերահսկողության ներքո:
Սակայն փորձագետները մտահոգություն են հայտնել կապված այն հանգամանքի հետ, որ Չինաստանը նախապատվությունը տալիս է տեղական պատվաստանյութերին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվածների փոխարեն:
Նրանք ասում են, որ դա կարող է ճնշում գործադրել երկրների վրա, որպեսզի նրանք հաստատեն չինական պատվաստանյութը, եւ վտանգավոր նախադեպ ստեղծել:
Սա նաեւ գործնական հարցեր է առաջ քաշում՝ ի՞նչ տարբերակներ ունեն մարդիկ, եթե ապրում են այն երկրներում, որոնք չեն ճանաչել չինական պատվաստանյութերը:





























