Կուսակցությունը մեզ համար պարզապես գործիք է, որով կարող ենք մասնակցել արտահերթ ընտրություններին, մնացածը գաղափարն է, որը մեզ համախմբել է։ Այս մասին այսօր` մարտի 20-ին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսին հայտարարեց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
«Նիկոլի և իր ածանցյալների միակ խնդիրն այն է, որ Նիկոլը մնա որպես վարչապետի պաշտոնակատար ու մաքսիմում օգտագործի վարչական ռեսուրսը։ Ես համոզված եմ՝ իրենք ինչպես այդ մի քանի հազարանոց հանրահավաքը կազմակերպեցին, երբ 90 տոկոսը պարտադրված եկել էին մարզերից, նույն հաջողությամբ փորձելու է դա անել, բայց ընտրությունը դա միտինգ չէ։ Մենք բազմիցս անցել ենք այդ ամենի միջով: Եթե անգամ Նիկոլն 80 տոկոս ռեյտինգ ունենա, մենք գնալու ենք ընտրությունների, բայց ինքը հիմա չունի ռեյտինգ»,-ասաց նա:
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանն էլ հավելեց, որ իշխանություններն օգտագործելու են վարչական ռեսուրս․ «Այս 2,5 տարվա ընթացքում բոլոր դպրոցներում փորձել են հանձնաժողովները փոխել և ներգրավել իրենց բարեկամներին։ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հայտարարում էր՝ բոլորին փոխել են, ովքեր հանրապետականներ էին ու բարեկամ-ծանոթով էին ընտրում։ Հիմա բոլոր դպրոցներում իրենց մտերիմներն են»:





























