Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կազանյան հանդիպումը կնշանավորվի ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ներկայիս փուլի ավարտով։ Հունիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, կազանյան հանդիպումը կդառնա բանակցությունների վերջին փուլը, քանի որ դրանք այսուհետ եւս շարունակելն անիմաստ կլինի, եթե, իհարկե, կողմերը համաձայնության չգան։ Իսկ նրանում, որ երկու երկրների նախագահներին չի հաջողվի կոնսենսուսի հասնել, Սարգսյանը վստահ է, քանի որ կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբեր են։

Ասվածը հաշվի առնելով՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավարը նշեց, որ ղարաբաղյան հարցի լուծումը քաղաքական հարթությունում անհնար է, այն պետք է լուծել իրավաբանական հարթությունում, իսկ դրա համար Երեւանը նախեւառաջ պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։